Ազգային պատկերասրահը երբեք այսպիսի ցուցահանդես չի ունեցել, համարձակ փորձ է՝ համադրել անհամադրելին․ «Արևելքը և հայ արվեստը» ցուցահանդեսի բացումն այս խոսքերով ազդարարեց պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը։
Արևելյան թեմաներին առնչվող արվեստի տարբեր ժանրերի ավելի քան 200 նմուշներ՝ Ազգային պատկերասրահում պահվող հայ և օտարերկրյա նկարիչների ստեղծագործություններից, մեկտեղվել են երկու ընդարձակ ցուցասրահներում։
Սուրենյանց, Սարյան, Կոջոյան, Յակուլով, Բաժբեուկ-Մելիքյան, Փարաջանով, 20-21-րդ դդ. տարբեր սերունդների այլ վարպետների ստեղծագործությունների միջոցով արվեստասերները հնարավորություն կունենան բացահայտել Արևելքի և հայ մշակույթի փոխազդեցությունը։
Այն, որ Հայաստանը գտնվում է երկու քաղաքակրթությունների խաչմերուկում իր ստեղծագործություններով փաստում է մեծանուն հայ նկարիչ Մարտիրոս Սարյանը։
«Այնպիսի Արևելք, որը Սարյանն է բացահայտել՝ մինչ այդ երբևէ չի եղել ռուսական արվեստում, նա եվրոպացի է Արևելքում և արևելքցի է՝ Եվրոպայում»,- ռուս բանաստեղծ Մաքսիմիլլիան Վոլոշինի՝ Մ․ Սարյանին ուղղված խոսքերն է մեջբերում ցուցահանդեսին ներկա Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը՝ փաստելով, որ Արևելքը գեղանկարչի համար «ոգեշնչման ճշմարիտ աղբյուր էր»:
Հավելենք, որ «Արևելքը և հայ արվեստը» ցուցահանդեսը բաց է արվեստասերների համար մինչև 2020 թվականի փետրվարը։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան