«Երբ դու տալիս ես դեր ոչ թե շահառուի շապիկ հագցնում՝ շատ-շատ է օգնում»․ ՀՀ-ում ապաստանած կանանց համար տիկնիկագործության դաս ու տոնական անակնկալներ - RadioVan.fm

Онлайн

«Երբ դու տալիս ես դեր ոչ թե շահառուի շապիկ հագցնում՝ շատ-շատ է օգնում»․ ՀՀ-ում ապաստանած կանանց համար տիկնիկագործության դաս ու տոնական անակնկալներ  

2019-12-15 17:58 , Общество, 1961

«Երբ դու տալիս ես դեր ոչ թե շահառուի շապիկ հագցնում՝ շատ-շատ է օգնում»․ ՀՀ-ում ապաստանած կանանց համար տիկնիկագործության դաս ու տոնական անակնկալներ

«Ֆինանսական օգնությունը երկար լինել երբեք չի կարող, ֆոնդերը քչանում են, անխուսափելիորեն։ Հարկավոր է շարունակել օգնությունը ամենակարիքավորներին ու համատեղել․ երբ որ դու տալիս ես դեր, և ոչ թե շահառուի շապիկ ես հագցնում՝ պահելով նրան ընդմիշտ կախյալ օգնությունից, շատ-շատ է օգնում»,-այդ մասին հատուկ Հայաստանում ապաստանած իրաքահայ, ադրբեջանահայ և սիրիահայ կանանց համար կազմակերպված միջոցառման ընթացքում «Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) արտաքին կապերի համակարգող Անահիտ Հայրապետյանը։

ՄԱԿ ՓԳՀ և «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության ջանքերով իրականացվող «Համայնքների մոբիլիզացիայի ծրագրի» շրջանակում Ձորաղբյուրում գործող էկո-կրթական կենտրոնում համախմբվել էին ճակատագրի բերումով իրենց տները լքած, դժվար փորձություններով անցած ու Հայաստանում ապաստան գտած մեր հայրենակիցները։

Բոլորի դեմքերին սակայն ժպիտ կար, իսկ աչքերում՝ հույս՝ իրենց կողքին զգալով աջակից կազմակերպությունների ներկայությունն ու հոգատարությունը։

Աջակցությունն այս դեպքում ֆինանսական չէր․ ծրագրի շրջանակում մասնակիցները «ԿԷԱՆ» կրթամշակութային կենտրոնի տիկնիկագործ, դեկորատիվ կիրառական արվեստի ժող․ վարպետ Սրբուհի Մովսիսյանի մատուցմամբ վարպետության դաս անցան՝ սեփական ուժերով պատրաստելով ավանդական ծիսական տիկնիկ՝ այս դեպքում՝ Բարեկենդանը խորհրդանշող Ուտիս տատին, որը, որպես նվեր, այնուհետ տրվեց նրանց։

««Համայնքների մոբիլիզացիայի ծրագրի» շրջանակում մոբիլիզացնում ենք, գործունեության մեջ ենք դնում, ոչ թե կանչում, ասում՝ օգնության օրն է, արի, ստացիր։ Այսօր նրանց նոր արհեստ ենք սովորեցնում, նրանց գիտելիքներ ու գործնական աշխատանք տալիս, որպեսզի նրանք էլ այն փոխանցեն այստեղ չգտնվողներին։ Ասում ենք՝ յեղն ու բրինձն այս էտապում սա տալն է, մնացյալ բաղադրիչները՝ քեզանից»,-ընդգծում է Անահիտ Հայրապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նշենք՝ ողջ օրվա ընթացքում մասնակիցները ոչ միայն տիկնիկագործության հմտություններին ծանոթացան, այլև ջերմ միջավայրում ճանաչեցին միմյանց, ընկերացան, անակնկալ նվերներ ստացան Ավստրալիայի կանանց կողմից, ինտերակտիվ խաղերի, երգ ու պարի միջոցով էլ՝ հաղորդակից եղան Ամանորի ավանդական ծեսին։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть