Հարցը դնել ավելի ամուր հիմքերի վրա․ Էրդողանը հայտարարել է Հայոց ցեղասպանության ժխտմանը միտված աշխատանքները ակտիվացնելու մասին - RadioVan.fm

Онлайн

Հարցը դնել ավելի ամուր հիմքերի վրա․ Էրդողանը հայտարարել է Հայոց ցեղասպանության ժխտմանը միտված աշխատանքները ակտիվացնելու մասին

2019-12-22 13:30 , Политика, 944

Հարցը դնել ավելի ամուր հիմքերի վրա․ Էրդողանը հայտարարել է Հայոց ցեղասպանության ժխտմանը միտված աշխատանքները ակտիվացնելու մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մալայզիայում լրագրողների հետ հարցազրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային:

Էրդողանը նշել է, որ Թուրքիան բացել է իր արխիվները և ցանկանում է այս հարցը դուրս հանել քաղաքականության ոլորտից:

Լրագրողի այն հարցին, թե Թուրքիան առաջիկայում նոր քայլեր ձեռնարկելու՞ է այս թեմայի առնչությամբ, Էրդողանը ասել է, որ իր վարչապետության տարիներին Թուրքիան շատ լուրջ նախաձեռնությամբ է հանդես եկել:

«Անշուշտ, հակառակ կողմից (Հայաստան- խմբ.) այդպիսի լուրջ, շոշափելի պատասխան չստացանք: Մի որոշ ժամանակ այդ գործընթացը այսպես շարունակվեց, և ոչ մեկ էլ չկարողացավ բացել արխիվները: Չեն կարող բացել այն, ինչը չունեն: Նրանք Հարվարդում աննշան, սիմվոլիկ արխիվներ ունեն, Ֆրանսիայում նույնպես փոքր արխիվներ ունեն: Նույնիսկ Հայաստանը իր մոտ այդպիսի լուրջ արխիվ չունի: Մեր զինված ուժերի արխիվում այս պահին 1 մլնից ավել փաստաթուղթ կա»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Նա նշել է, որ նախկինում բազմիցս առաջարկել են, որ Հայաստանից գիտնականների խումբ մեկնի Թուրքիա և հետազոտություններ անցկացնի, սակայն թուրքական կողմի այդ «մարտահրավերը» անպատասխան է մնացել: Ըստ Էրդողանի՝ հայկական կողմի՝ առաջարկը չընդունելու պատճառն այն է, որ նրանք տեսնում են և գիտեն, որ դա իրենց օգտին չի լինելու:

Էրդողանը նշել է, որ հաջորդիվ իրականացվելիք քայլերի շրջանակներում Թուրքիան խումբ է ձևավորել, որը պետք է զբաղվի այս աշխատանքներով և խմբին ցանկության դեպքում կարող են միանալ նաև միջազգային հանրության ներկայացուցիչները:

«Թուրքական պատմագիտական ընկերությունը այս հարցում շատ ավելի գործուն և ակտիվ դարձնելով՝ պետք է մեր աշխատանքներն ավելի ուժեղացնենք փաստագրական ֆիլմերի (նյութերի) միջոցով: Ցանկանում ենք այս հարցը շատ ավելի ամուր հիմքերի վրա դնել՝ դրա վերաբերյալ որոշ ակադեմիական աշխատությունները քաջալերելով», - հայտնել է Էրդողանը:

Աղբյուր` ermenihaber

Лента

Рекомендуем посмотреть