Երևանի պոլիկլինիկաներ այցն արդեն հնարավոր է առցանց հերթագրմամբ - RadioVan.fm

Онлайн

Երևանի պոլիկլինիկաներ այցն արդեն հնարավոր է առցանց հերթագրմամբ

2019-12-25 16:28 , Общество, 1291

Երևանի պոլիկլինիկաներ այցն արդեն հնարավոր է առցանց հերթագրմամբ

«Մայրաքաղաքի բոլոր պոլիկլինիկաներում արդեն գործում է էլեկտրոնային հերթագրումը: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ամիսներ առաջ մեկնարկած գործընթացի շնորհիվ այժմ թերապևտի մոտ այցը միայն նախապես հերթագրմամբ է, ինչը հնարավորություն է տալիս չսպասել հերթերում և խնայել ժամանակը»,-այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետրանից։

Նշվում է, որ հերթագրվել հնարավոր է ինչպես հեռախոսազանգով, այնպես էլ առցանց՝ համակարգչով կամ բջջային հեռախոսով: Դրա համար անհրաժեշտ է մուտք գործել էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի՝ www.armed.am կայք: Առաջին հերթին պետք է գրանցվել «Մուտք համակարգ» բաժնում՝ լրացնելով համապատասխան դաշտերը (անձնական տվյալները՝ հանրային ծառայությունների համարանիշը (սոցքարտի համարը), անուն-ազգանունը, ծննդյան ամսաթիվը և բջջային հեռախոսահամարը, որը նախկինում արդեն գրանցվել է պոլիկլինիկայում): Այնուհետ ստեղծում եք գաղտնաբառ, որը պետք է պարունակի լատիներեն տառեր և թվեր: Ձեր հեռախոսահամարին կգա կարճ հաղորդագրություն՝ հաստատման ծածկագրով, որը հավաքում եք համապատասխան բաժնում և, հաստատելով, ավարտում համակարգում գրանցումը:

Գրանցվելուց հետո արդեն պետք է մուտք գործել համակարգ ՝ լրացնելով արդեն միայն հեռախոսահամարն ու գաղտնաբառը, որտեղ անմիջապես կտեսնեք այն թերապևտի տվյալները, ում կցագրված եք, ինչպես նաև այցերի համար ազատ ժամերը: Ընտրում եք ազատ ժամը և գրանցվում:

«Տվյալներն անմիջապես փոխանցվում են համապատասխան պոլիկլինիկա:

Գրանցման ամբողջ ընթացքը կարճ է. այն քաղաքացուց կխլի ընդհամենը մի քանի րոպե:

Եթե ինչ-որ պատճառով չեք կարող այցելել բժշկի կամ սխալվել եք ժամն ընտրելիս, ապա, կրկին մուտք գործելով համակարգ, կարող եք չեղարկել կամ փոխել այցի ժամը»,-ընդգծում են քաղաքապետարանից:

Հիշեցնենք՝ երևանյան առողջության պահպանման առաջնային օղակներում տեղամասային թերապևտ կամ մանկաբույժ բժշկի մոտ հերթագրման համակարգի ներդրման մասին քաղաքապետարանը հայտնեց այս տարվա սեպտեմբերին։ Նշվել էր, որ համակարգը ներդրվել և գործում է Երևանի 13 պոլիկլինիկաներում, և մինչև տարեվերջ ծրագիրը հասանելի կլինի քաղաքի բոլոր 24 պոլիկլինիկաներում: Այս ընթացքում, սակայն քաղաքացիները դժգոհում էին, որ անձնակազմը չի տիրապետում համակարգին, ինչի հետևանքով դեռ մուտքից հերթեր են գոյանում։

Лента

Рекомендуем посмотреть