«Առաջնորդվել է բացառապես համազգային շահով»․ նախագահը ստորագրել է ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը - RadioVan.fm

Онлайн

«Առաջնորդվել է բացառապես համազգային շահով»․ նախագահը ստորագրել է ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը

2019-12-26 15:29 , Политика, 1292

«Առաջնորդվել է բացառապես համազգային շահով»․ նախագահը ստորագրել է ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը, որի շուրջ քննարկումները Ազգային ժողովում բավականին թեժ մթնոլորտում էին անցել։

Նշենք՝ ընդդիմադիրների համոզմամբ՝ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքի ընդունմամբ «իշխանությունը լեգիտիմացնում է պորտաբուծությունը»։

Երևանի պետական համալսարանի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանն էլ «Ռադիո Վանի» հետ զրույցում անհեթեթությունների շարքին դասելով վերոնշյալ նախագիծը՝ ընդգծել էր․ «Նույն տրամաբանությամբ կարելի է մեծ գումարով թոշակի ուղարկել Ստամբուլյան կոնվենցիային դեմ պատգամավորներին»։

Ըստ ընդունված նախագծի՝ մինչև հունվարի 31-ը վաղաժամ թոշակի գնալու դիմում ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորներին մինչև պաշտոնավարման ժամկետի լրանալը աշխատավարձի չափով կենսաթոշակ ստանալու հնարավորություն կտրվի։

«Ինչո՞վ էր պայմանավորված նախագահի նման որոշումը, արդյո՞ք որևէ ճնշում եղել է նախագահի վրա՝ օրենքը ստորագրելու հարցում, արդյո՞ք օրենքի ստորագրման որոշումը կայացնելիս հաշվի առնվել են դրա վերաբերյալ արտահայտված տարբեր դիրքորոշումները և որքանո՞վ կայացված որոշումը կնպաստի ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամի լուծմանը»,-ԶԼՄ-ներից ստացված այս հարցերին ի պատասխան՝ նախագահի աշխատակազմից պարզաբանում են․

«Հայտնում ենք, որ Հանրապետության նախագահը հանգամանալից ուսումնասիրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը, ինչպես նաև դրա վերաբերյալ տարբեր քաղաքական ուժերի, հասարակական, քաղաքական գործիչների, իրավաբան-գիտնականների տեսակետները, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները:

Նախագահը խնդրի շուրջ լսել է նաև քաղաքական խմբակցությունների, մասնագիտական հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների տեսակետները՝ նրանց հետ ունեցած իր հանդիպումների ընթացքում:

Դիտարկվել է միջազգային փորձագետների կարծիքը, ուսումնասիրվել են Օրենքին առնչվող միջազգային փորձը և Օրենքի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) փորձագիտական եզրակացությունը:

Օրենքի վերաբերյալ արտահայտված դիրքորոշումներն ու բերված փաստարկները հաճախ ունեն բարոյաքաղաքական և զգացմունքային շեշտադրումներ և արդյունք են իրավական նորմերի մեկնաբանության ընթացքում տարբեր և երբեմն հակասական մոտեցումների, քաղաքական շահերի:

Նախագահը, առաջնորդվելով բացառապես համապետական և համազգային շահերով և կարևորելով սահմանադրական դատարանի բնականոն գործունեության ապահովումը, ստորագրել է Օրենքը՝ գտնելով, որ Օրենքի գործողության ընթացքում սահմանադրական դատարանի անդամները, ինչպես իր եզրակացության մեջ նշել է Վենետիկի հանձնաժողովը «առանց որևէ անհարկի ճնշման (քաղաքական կամ անձնական)», բացառելով կամավորության սկզբունքից որևէ շեղում, կարտահայտեն դրա վերաբերյալ իրենց վերաբերմունքը՝ ընդունելով կամ չընդունելով Օրենքով սահմանված կենսաթոշակի անցնելու հնարավորությունը:

Նախագահը կարևորելով օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների և պետական ինստիտուտների արդյունավետ և համագործակցության ոգով գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունը՝ ողջունում է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ձևավորելու մտադրությունը, որի աշխատանքներին կներգրավվի Նախագահի աշխատակազմը»:

Лента

Рекомендуем посмотреть