Մանվել Գրիգորյանին Ֆրանսիա տեղափոխելու միջնորդությունը մերժվել է - RadioVan.fm

Онлайн

Մանվել Գրիգորյանին Ֆրանսիա տեղափոխելու միջնորդությունը մերժվել է

2020-01-21 16:50 , Право, 367

Մանվել Գրիգորյանին Ֆրանսիա տեղափոխելու միջնորդությունը մերժվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր նշանակված դատական նիստին Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը չի մասնակցել՝ Դատարան ուղարկված գրության համաձայն՝ դեռևս վերականդանացման բաժանմունքումգտնվելու պատճառով:

Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդել է Գրիգորյանին Ֆրանսիա բուժման ուղարկելու թույլտվություն տալ՝ նշելով, որ իր պաշտպանյալի մոտ առկա հիվանդությունները բարդանում են, և նրա հարազատները ցանկանում են իրենց միջոցներով Գրիգորյանին բուժման ուղարկել։ Պաշտպանը խնդրել է հաշվի առնել անձի կյանքին սպառնացող վտանգի հանգամանքը:

Դատարանը, սակայն, միջնորդությունը մերժելու որոշում է կայացրել՝ հիմնավորմամբ, որ այս փուլում չեն ներկայացվել հիմնավորումներ, որ Գրիգորյանի առողջական վիճակով պայմանավորված՝ բուժումը ՀՀ-ում անհնար է և անհրաժեշտություն կա նրան արտերկիր տեղափոխել։

Հիշեցենք՝ հունվարի 15-ին դատախազության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ դատական նիստում կայացված որոշմամբ՝ շուրջ մեկ ու կես տարի կալանքի տակ գտնվող Գրիգորյանի խափանման միջոցը փոխվեց։

Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Лента

Рекомендуем посмотреть