«Չեմ պատրաստվում սեղմել ձեր կեղտոտ ձեռքը»․ Թեհմինա Վարդանյանի այս և այլ արտահայտությունները՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշադրության կենտրոնում - RadioVan.fm

Онлайн

«Չեմ պատրաստվում սեղմել ձեր կեղտոտ ձեռքը»․ Թեհմինա Վարդանյանի այս և այլ արտահայտությունները՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշադրության կենտրոնում

2020-01-21 17:34 , Политика, 1074

«Չեմ պատրաստվում սեղմել ձեր կեղտոտ ձեռքը»․ Թեհմինա Վարդանյանի այս և այլ արտահայտությունները՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշադրության կենտրոնում

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտարարություն է տարածել Երևան քաղաքի ավագանու անդամի վարքագծի և էթիկայի կանոնների վերաբերյալ:

Խոսքը, մասնավորապես, 2019 թ. դեկտեմբերի 25-ին գումարված Ավագանու նիստի ժամանակ հնչած բազմաթիվ արտահայտությունների ու որակումների մասին է, որը, հանձնաժողովի գնահատմամբ, նսեմացնում է մարդու արժանապատվությունը, խախտում հանրային ծառայողի վարքագծի սկզբունքները։

Մեջբերվում է, օրինակ՝ «քաղաքական անասնագողություն», «բարոյական օրինաչափություններից զուրկ», «դուք շատ փոքր մարդ եք», «չեմ պատրաստվում սեղմել ձեր կեղտոտ ձեռքը», «դուք ոչ մեկ եք, որ հարցադրում անեք ավագանու անդամին» արտահայտությունները։

Հաշվի առնելով փաստը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն առաջարկում է Երևանի քաղաքապետին և ավագանուն՝ Հանձնաժողովի հետ առաջիկայում մշակել համայնքային ծառայողի և ավագանու անդամի վարքագծի կանոններ։

Իսկ մինչ այդ՝ հիշեցնում է՝ Հանրային ծառայության մասին 2018-ի մարտի 23-ի օրենքի 22 և 25 հոդվածների համաձայն հանրային ծառայողները պարտավոր են դրսևորել բարեկրթություն և հարգալիություն, ինչպես նաև հարգանք իրենց վերադասների, անմիջական ղեկավարների, գործընկերների, ենթակաների արժանապատվության նկատմամբ։

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու 2019-ի դեկտեմբերի 25-ի նիստին «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն անդրադառնալով Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանի հայտարարություններին՝ ասել էր, թե «հայտնվել է դահլիճում մի անձ, նշանակվել է, չի ընտրվել, այսինքն մի 3 աստիճան ցածր է, որը այնքան փոքրիկ ֆիգուր է, որ իր մոտ նշել է անուն-ազգանունը, քանի որ իրեն չի հետաքրքրել նրա անունն ու ազգանունը, բայց բանից պարզվում է՝ այդ փոքրիկ ֆիգուրը զուրկ է որոշակի բարոյական օրինաչափություններից» ու, որ ինքը «չի պատրաստվում սեղմել նրա կեղտոտ ձեռքը»։

«Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ այս ճգնաժամը «Լույս» խմբակցությունում պետք է հաղթահարվի, որովհետև անհասկանալի է, թե ում են նրանք ներկայացնում։ Ես հստակ հարցադրում եմ անում»,-Թեհիմնա Վարդանյանի խոսքորին ի պատասխան ասել էր Ավետ Պողոսյանը, ինչին հետևել էր «Դուք ոչ մեկ եք, որ հարցադրում անեք» Թեհմինա Վարդանյանի արձագանքը։

Лента

Рекомендуем посмотреть