Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն պոլսահայ լրագրող, «Ակոս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 13-րդ տարելիցի օրը՝ հունվարի 19-ին, ցավակցական գրառում է արել:
«Twitter» միկրոբլոգի իր էջում արած գրառման մեջ քեմալական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցությունից ընտրված քաղաքապետը մասնավորապես նշել է.
«Հրանտ Դինքը մի մարդ էր, ում սրտում ու խոսքում խաղաղություն կար: Նա հետաքննություն սիրող լրագրող էր: Մեզանից հեռացավ մեր պատմության ու երկրի համար շատ ցավալի ձևով: Ամեն անգամ նրա անունը լսելիս այդ ցավը վերապրում ենք: Հարգանքով եմ նրան հիշում, թող հոգին լույս դառնա»:
Նշենք, որ Հրանտ Դինքի սպանության 13-րդ տարելիցի օրը Թուրքիայում և արտասահմանում հիշատակի միջոցառումներ են անցկացվել:
Ստամբուլում՝ «Ակոս» թերթի նախկին խմբագրության շենքի մոտ, որտեղ սպանվել է Դինքը, տեղի է ունեցել ոգեկոչման գլխավոր միջոցառումը: Մարդաշատ միջոցառման ժամանակ հնչել է հայ ժողովրդական «Սարի աղջիկ» հանրահայտ երգը, ինչպես նաև հատվածներ Դինքի նախկին ելույթներից:
Թուրքական «Gazete karınca» լրատվական կայքի թղթակիցը ֆոտոշարքով ներկայացրել է այդ միջոցառումը:
Աղբյուր` ermenihaber