Սպանդանոցներում պարտադիր մորթի պահանջը կհետաձգվի մինչև հուլիսի 1-ը՝ անասնապահներին արված առաջարկի ընդունման դեպքում․ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Սպանդանոցներում պարտադիր մորթի պահանջը կհետաձգվի մինչև հուլիսի 1-ը՝ անասնապահներին արված առաջարկի ընդունման դեպքում․ Փաշինյան

2020-01-22 19:59 , Политика, 1135

Սպանդանոցներում պարտադիր մորթի պահանջը կհետաձգվի մինչև հուլիսի 1-ը՝ անասնապահներին արված առաջարկի ընդունման դեպքում․ Փաշինյան

«Սպանդանոցների ստեղծումից հետո սատկած անասունի միս ՀՀ շուկաներում չի հայտնվելու, տավարի մսի անվան տակ ձիու միս չի վաճառվելու, հակահիգիենիկ, համաճարակային պայմաններում գտնվող վայրերում կատարված մորթի հետևանքով առաջացած միսը մեր երեխաները և հանրությունը չեն ուտի․ այս հարցերի մասին հասարակությունը պետք է տեղեկացված լինի»,-Ազգային ժողով (ԱԺ)-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բարձրաձայնել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվելով, թե կառավարությունն ինչպես է պատրաստվում աջակցել նոր սպանդանոցների կառուցման գործընթացին։

«Բացի առողջապահական խնդիրներից, սա երկրի ստանդարտի վարկանիշի հարց է։ Մեր սիրելի հայրենակիցներն, ովքեր բողոքի ձայն են բարձրացնում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ, ունե՞ն արդարացի փաստարկներ։ Այո՛։ Եվ այդ փաստարկներից ամենակարևորն այն է, որ մենք, ցավոք, չունենք սպանդանոցների բավարար խտություն և քանակ։ Ինչո՞ւ չունենք։ Մի պարզ պատճառով, քանի որ անընդհատ այս որոշումը հետաձգում ենք, ինչի հետևանքով ներդրողները զգուշանում են»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ այսօր խորհրդակցություն է հրավիրել և տվել է հանձնարարական. մինչև փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի սուբսիդավորվող վարկերի և լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորում անելը, որպեսզի սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերման համար ստեղծվեն լավագույն պայմաններ։

Վարչապետի խոսքերով՝ կառավարությունը մարզպետարանների և Սննդի անվտանգության տեսչության հետ կձևավորի սպանդանոցների նախընտրելի քարտեզ և հասցեական կֆինանսավորվեն այն նախագծերը, որոնք այդ սփռվածության և հասանելիության խնդիրը լուծելու են:

«Եթե մեր սիրելի հայրենակիցների համար ընդունելի է, որ մենք հիմա մինչև ս․թ․ հուլիսի 1-ը միասին աշխատենք և այս պրոցեսը մինչև վերջ տանենք՝ պայմանով, որ հուլիսի 2-ից այս թեմային չենք վերադառնալու, մինչև փետրվարի 6-ը պատրաստ ենք այլ առաջարկներ լսել, կայացնել որոշումներ, մինչև մարտի 1-ը ֆինանսավորումը բացել, մինչևհուլիսի 1-ը տալ ժամանակ, որպեսզի մեր հայրենակիցները միանան, գումարը վերցնեն, ներդրումը անեն, բայց հուլիսի 2-ից այս թեմային չենք վերադառալու ոչ մի պայմանով, ոչ մի պատճառաբանությամբ, քանի որ ՀՀ պետք է առաջնորդվի ամենաբարձր ժամանակակից ստանդարտներով: Մենք չենք կարող ասել՝ եկեք ցեխի մեջ շարունակենք ապրենլ, քանի որ այդտեղ հարմար է կամ սովորել ենք այդտեղ ապրել»,-նշել է Փաշինյանը՝ միաժամանակ հավելելով, որ հարցը կհետաձգվի մինչև հուլիսի 1-ը, բացառությամբ Երևանի սպուպերմարկետների և հանրային սննդի կետերի։

Հիշեցնենք՝ 2020-ի հունվարի 15-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել կառավարության՝ դեռևս 2018 թվականի փետրվարի 15-ին ընդունված՝ մանր և խոշոր եղջերավոր անասուններ մորթը պարտադիր սպանդանոցային պայմաններում կատարելու որոշումը, ինչը վերջին օրերին դժգոհության ալիք էր բարձրացրել անասնապահների և մսավաճառների շրջանում։

Հանրապետությունում ս․ թ․ հունվարի 21-ի դրությամբ գործում է 38 սպանդանոց, ևս 20-ը ներքին հարդարման փուլում են, 27-ը՝ նախագծման։

Ինչ վերաբերում է մորթի արժեքին՝ ապա այն կազմում է 10 հազար դրամ՝ խոշոր, 3.500 դրամ՝ մանր եղջերավորի համար և 5000 դրամ՝ խոզի։ Կարևոր է նշել, որ 3 և ավելի կենդանի մորթելու պարագայում մինչև 30 կիլոմետր հեռավորությունից կենդանիների տեղափոխումը սպանդանոց անվճար է։ Տեղափոխումը կատարվում է սպանդանոցի հատուկ նախատեսված մեքենայով։

Лента

Рекомендуем посмотреть