Եվրոպական խորհրդարանի պատգամավորները 621 կողմ, 49 դեմ ձայներով հաստատել են Եվրամիությունից դուրս գալու մասին՝ դեռ հոկտեմբերին Լոնդոնի և Բրյուսելի միջև կնքված գործարքը Բրեքսիթի պայմանների շուրջ: Այն վերջնական հաստատում պետք է ստանա նաև Եվրոպական միության խորհրդի կողմից, ամենայն հավանականությամբ, այսօր։
«Միայն մեկ բան կարող եմ ասել՝ մենք ձեզ կկարոտենք»,-քվեարկության օրը իր խոսքում նշել է Եվրոպական խորհրդարանի՝ Բրեքսիթի հարցով համակարգող Գի Վերհոֆշդատը:
Պատգամավորները միմյանց ձեռքերը բռնելով՝ երգել են, բացականչություններով թափահարել Մեծ Բրիտանիայի դրոշները։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն էլ Մեծ Բրիտանիային հրաժեշտ է տվել բրիտանացի հայտնի պոետ Ջորջ Էլիոթի խոսքերով:
«Միայն բաժանման տառապանքի մեջ ենք տեսնում սիրո խորությունը: Մենք միշտ կսիրենք ձեզ և երբեք հեռու չենք լինի: Կեցցե՛ Եվրոպան»,-ասել է Եվրահանձնաժողովի նախագահը:
Հիշեցնենք՝ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ երկրորդը հունվարի 24-ին ստորագրեց Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու՝ «Բրեքզիթ»-ի մասին օրենքը, որը պետք է վավերացվեր Եվրախորհրդարանի կողմից:
Հունվարի 31-ին Բրիտանիան դուրս կգա Եվրամիությունից, բայց կմնա միասնական մաքսային տարածքում։ Առաջիկա 11 ամիսների ընթացքում կողմերը պետք է բանակցեն առևտրատնտեսական հետագա հարաբերությունները համաձայնեցնելու շուրջ:
Կողմերի հիմնական խնդիրն է կնքել այնպիսի առևտրային համաձայնագիր, որը հնարավորություն կտա Մեծ Բրիտանիային շարունակել առևտուրը ԵՄ-ի հետ՝ առանց մաքսատուրքերի և խոչընդոտների:
Նախկին կանոնները կարող են կիրառվել միայն Հյուսիսային Իռլանդիայի համար։