Լարսում Հայաստանի «դեմքը» Արամ Թանանյանն է լինելու․ վստահեցնում է՝ խնդիրներին օպերատիվ լուծումներ կտրվեն - RadioVan.fm

Онлайн

Լարսում Հայաստանի «դեմքը» Արամ Թանանյանն է լինելու․ վստահեցնում է՝ խնդիրներին օպերատիվ լուծումներ կտրվեն

2020-01-30 20:02 , Политика, 1088

Լարսում Հայաստանի «դեմքը» Արամ Թանանյանն է լինելու․ վստահեցնում է՝ խնդիրներին օպերատիվ լուծումներ կտրվեն

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը մաքսային կցորդ կունենա, որն աշխատելու է Վերին Լարսի անցակետի տարածքում՝ 3 տարի ժամկետով: Կառավարությունն այսօրվա նիստում այդ պաշտոնում Արամ Թանանյանին նշանակաելու մասին որոշում է կայացրել։

«Արամ Թանանյանը 2018 թվականից զբաղեցնում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի խորհրդականի պաշտոնը, երկար տարիներ աշխատել է պետական կառավարման համակարգում, մասնավորապես, զբաղեցնելով ղեկավար պաշտոններ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում, փրկարար ծառայությունում, ՀՀ արտակարգ իրավիճակների վարչությունում: Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի՝ «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան» մեդալներով, ունի քաղաքացիական հատուկ ծառայության1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան, փրկարար ծառայության գեներալ-մայորի կոչում»,-իր խորհրդականին գործադիրի անդամներին է ներկայացրել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով, որ Թանանյանի թեկնածությունը քննարկվել է արտգործնախարարության և արդարադատության նախարարության կողմից, դիտողություններ և առաջարկներ չեն եղել։

Ներկայում Վերին Լարսում առաջացող խնդիրները լուծվում են հեռակա՝ հեռախոսազանգով, տարբեր կապի միջոցներով:

«Մենք արդեն հնարավորություն կունենանք առերես քննարկելու բոլոր խնդիրները՝ փորձելով դրանց տալ լուծումներ, որոնք կլինեն արագ, օպերատիվ, հիմնավորված: Կունենանք արդեն դեմք Լարսում, ով կներկայացնի մեր երկիրը և մեր համակարգը»,-նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհի՝ Վերին Լարսի անցակետի Հայաստանի նորանշանակ կցորդը, որի խոսքով՝ իր առաջին գործը լինելու է հասկանալ, թե ինչ իրավիճակ է այս պահին անցակետում և ինչ քայլեր է պետք ձեռնարկել, որպեսզի ՀՀ ղեկավարության կողմից իր առջև դրված խնդիրներին համահունչ վիճակը բարելավվի:

Հավելենք, որ որոշման նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 2019 թ. դեկտեմբերի 2-ի 1807-Ն որոշումը, որով սահմանվել է, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից գործում է ՀՀ մաքսային կցորդ՝ ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմնի խորհրդականի կարգավիճակով:

Лента

Рекомендуем посмотреть