Онлайн

Թոքաբորբի դեմ միջոցներ չձեռնարկելու դեպքում՝ մեկ տասնամյակի ընթացքում աշխարհում 9 մլն երեխա կարող է մահանալ

2020-02-04 15:37 , Медицина, здоровье, 153

Թոքաբորբի դեմ միջոցներ չձեռնարկելու դեպքում՝ մեկ տասնամյակի ընթացքում աշխարհում 9 մլն երեխա կարող է մահանալ

Թոքաբորբից կանխարգելելի մահերի հիմնական պատճառների՝ այն է՝ թերսնուցումը, օդի աղտոտվածությունը, հակաբիոտիկների և պատվաստանյութերի անհասանելիությունը, հետևանքով 2019-ին յուրաքանչյուր 39 վայրկյանը մեկ աշխարհում մեկ երեխա է մահացել։

Բարսելոնայում օրերս անցկացված մանկական թոքաբորբի առաջին համաշխարհային ֆորումին ընդառաջ իրականացված նոր վերլուծությունը փաստում է, որ թոքաբորբի դեմ ավելի լավ պայքարը կարող է կանխել թոքաբորբից գրեթե 9 միլիոն մանկական մահ։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հղում անելով Ջոնս Հոփքինսի համալսարանի մոդելին, հայտնում է, որ թոքաբորբի բուժմանն ուղղված, ինչպես նաև դրա կանխարգելման ծառայությունների մասշտաբի մեծացումը կարող են փրկել հինգ տարին չլրացած 3,2 միլիոն երեխայի կյանք։ Սա, իր հերթին, կարող է ստեղծել նաև «ալիքային ազդեցություն», ինչի արդյունքում կկանխվեն ևս 5,7 մլն մահվան դեպքեր մանկական այլ հիվանդություններից։

Թոքաբորբի հարուցիչներից են մանրէները, վարակները կամ սնկերը, ինչի հետևանքով դժվարանում է երեխաների շնչառությունը, քանի որ նրանց թոքերը լցվում են թարախով և հեղուկով։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ 2019-ին մանկական մահացությունների հիմնական պատճառը եղել է հենց միայն թոքաբորբը, որը խլել է 800,000 երեխայի կյանք․ մեկ երեխա յուրաքանչյուր 39 վայրկյանը մեկ։

Ըստ կանխատեսումների, եթե ներկայիս միտումները շարունակվեն, 2020-2030 թվականների ընթացում հինգ տարին չլրացած 6,3 միլիոն երեխա կարող է թոքաբորբից մահանալ։ Գալիք տասնամյակում ամենաշատ մահերը կգրանցվեն հավանաբար Նիգերիայում՝ 1,4 միլիոն, այնուհետև՝ Հնդկաստանում՝ 880,000, ապա Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում՝ 350,000 և Եթովպիայում 280,000։

Բարսելոնայում հունվարի 29-31-ը անցկացված մանկական թոքաբորբի համաշխարհային ֆորումը մեկ վայրում է համախմբել երեխաների հարցերով զբաղվող ինը առաջատար կազմակերպության՝ ISGlobal-ը, Սեյվ դը Չիլդրենին, ՅՈՒՆԻՍԵՖ-ին, «Every Breath Counts»-ին, «la Coixa» և Բիլ և Մելինդա Գեյթս հիմնադրամներին, ԱՄՆ ՄԶԳ-ին,Unitaid-ին ու Գավիին (Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինք)։ Ֆորումի շրջանակում ռիսկային երկրների կառավարություններին կոչ է արվելքաղաքական պարտավորություն ստանձնել և թոքաբորբից մահացությունների թիվը նվազեցնելու համար ազգային ռազմավարություն մշակել։

Лента

Рекомендуем посмотреть