«Երևանի մայթերն անհատույց հանձնեք հոկեյի հավաքականին». Մարությանը վստահեցնում է՝ 2021-ին սառցե մայթեր չենք ունենա - RadioVan.fm

Онлайн

«Երևանի մայթերն անհատույց հանձնեք հոկեյի հավաքականին». Մարությանը վստահեցնում է՝ 2021-ին սառցե մայթեր չենք ունենա

2020-02-11 18:17 , Политика, 1093

«Երևանի մայթերն անհատույց հանձնեք հոկեյի հավաքականին». Մարությանը վստահեցնում է՝ 2021-ին սառցե մայթեր չենք ունենա

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն այսօր հրավիրված ավագանու նիստում անդրադարձել է մայրաքաղաքի մայթերին առկա մերկացառույցներին՝ նշելով, որ այսօր բախվում ենք երկու օր առաջ Երևանում տեղացած ձյան հետևանքներին։

Հեգնելով քաղաքապետարանի վատ աշխատանքը՝ նա, նախ շնորհավորել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որ դեռ չի արժանացել «Հայկո՛ ջան, սիրուն չի» տիտղոսին, ապա՝ առաջարկել քննարկել Երևանի մայթերը հոկեյի ֆեդերացիային անհատույց օգտագործման հանձնելու հարցը։

«Պարո՛ն քաղաքապետ, վստահ եմ՝ տեղյակ եք, որ մայթերի վիճակը սարսափելի է, էլ չեմ ասում կենտրոնական փողոցները, որ ձյուն տեղալու առաջին օրը գիշերը նույնիսկ չէին մաքրվում նորմալ։ Խնդրում եմ մի քիչ ուշադիր լինել, քանի որ բավականին թվով վթարներ եղան»,-դիմելով քաղաքապետին՝ ասել է ավագանու անդամը։

Հայկ Մարությանն, այնուհետ, լրագրողների հետ զրույցում, վստահեցրել է, որ 2021-ին խնդիրը լուծված կլինի։

«Գոհ եմ, թե ինչպես են մաքրված փողոցների երթևեկելի հատվածը, իսկ մայթերը՝ ոչ: Այս ամենն իր բնական պատճառներն ունի, քանի որ մաքրման աշխատանքներ իրականացնող համայնքային կազմակերպությունը նոր է ստեղծվել, և մենք չենք հասցրել համալրել տեխնիկայով, որպեսզի պատշաճ կերպով նաև մայթերը մաքրվի»,-ասել է Մարությանը՝ վստահեցնելով, որ հաջորդ տարի նույն ժամանակահատվածում հարցը լուծված կլինի, քանի որ 2020-ի գնումներով արդեն իսկ պատրաստվում են ձեռք բերել համապատասխան տեխնիկա:

Лента

Рекомендуем посмотреть