Հայաստանը տոնում է Անկախության 25-ամյակը - RadioVan.fm

Онлайн

Հայաստանը տոնում է Անկախության 25-ամյակը

2016-09-21 23:55 , Общество, 1800

Հայաստանը տոնում է Անկախության 25-ամյակը

Հայաստանի Հանրապետությունն այսօր տոնում է անկախության 25-­րդ տարեդարձը: 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեում «Համաձա՞յն եք, որ ՀՀ-ն լինի անկախ ժողովրդավարական պետություն` ԽՍՀՄ-ի կազմից դուրս» հարցին` քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 94,39 տոկոսը «Այո» պատասխանեց: Հիմնվելով հանրաքվեի արդյունքների վրա, արտահայտելով ժողովրդի միասնական կամքը, 1991թվականի սեպտեմբերի 23-ինՀայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանի հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:

Տոնի առթիվ Երեւանի սրտում` Հանրապետության հրապարակում արդեն տրվել է տոնական զորահանդեսի մեկնարկը: Նախատեսված են բազմաթիվ այլ միջոցառումներ Հայաստանի մայրաքաղաքում ու մյուս բնակավայրերում:

Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից:

Նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ տոնի առթիվ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում, մասնավորապես, ասված է` «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ձեր երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններն, որը խրը պատմական արմատներ ունի, այսօր զարգանում են ռազմավարական գործընկերության ոգով, հարստանում են ամենատարբեր ոլորտներում հեռանկարային նախագծերով: Դրան մեծապես նպաստում է մեր պետությունների սերտ ինտեգրացիոն փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում: Համոզված եմ, որ տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի լուծման գործում համատեղ ջանքերով մենք կապահովենք ռազմավարական կապերի և կառուցողական փոխգործակցության ամբողջ համալիրի հետագա զարգացումը: Դա, անկասկած, բխում է երկու երկրների եղբայրական ժողովուրդների շահերից»:

«Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ, իսկ Ձեր բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում», — Սերժ Սարգսյանին գրել է Վլադիմիր Պուտինը:

Անկախության տոնի առթիվ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ երկրորդը, Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը, Ճապոնիայի կայսր Ակիհիտոն, Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ տասնվեցերորդը, Բելգիայի թագավոր Ֆիլիպը, Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն, Մեքսիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն, Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ավստրալիայի Միության Գեներալ-Նահանգապետ Փիթեր Քոսգրովը, Մոլդովայի Հանրապետության Նախագահ Նիկոլաե Տիմոֆտին, Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդական Հանրապետության Նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան, Իրաքի Հանրապետության վարչապետ Հայդար ալ-Աբադին:

Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Անկախության տոնի առթիվ:

Лента

Рекомендуем посмотреть