Կանանց և անչափահասների կալանավայրում մի շարք խնդիրներ են արձանագրվել - RadioVan.fm

Онлайн

Կանանց և անչափահասների կալանավայրում մի շարք խնդիրներ են արձանագրվել

2020-02-17 17:31 , Право, 303

Կանանց և անչափահասների կալանավայրում մի շարք խնդիրներ են արձանագրվել

Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ կատարված մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ կազմել են մանրակրկիտ վերլուծություն:

Արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները.

• բացակայում են հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալների համար նախատեսված խցերը կամ կացարանները, ինչպես նաև վերջիններիս համար հարմարեցված սանհանգույցները և լոգարանները,

• չեն պահպանվում ազատությունից զրկված անձանց տրամադրվող սննդի քանակական և որակական չափանիշները, ինչպես նաև սննդի բազմազանությունը,

• առկա են բժշկական օգնության կազմակերպմանն առնչվող խնդիրներ, օրինակ՝ չի պահպանվում ազատությունից զրկված անձանց բժշկական գաղտնիքը,

• բացակայում են գինեկոլոգիական բնույթի բժշկական օգնության համար նախատեսված դեղամիջոցների և հետազոտությունների համար անհրաժեշտ պարագաներն ու գործիքները, որը խոչընդոտ է պատշաճ գինեկոլոգիական ծառայությունների մատուցման համար,

• բացակայում են ատամնաբուժական օգնության կազմակերպման համար անհրաժեշտ նյութերը և պարագաները,

• առկա են սեռավարակների հայտնաբերման և ուռուցքային հիվանդությունների կանխարգելմանն ուղղված սկրինինգային հետազոտությունների կազմակերպման խնդիրներ,

• հայտնաբերվել են ժամկետանց դեղեր,

• առկա են բժշկական թափոնների խոտանման հետ կապված խնդիրներ,

• ոչ բավարար են կահավորված երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակները,

• քրեակատարողական հիմնարկում իրականացվող վերասոցիալականացման և հասարակություն վերաինտեգրման միջոցառումները ժամանակավոր են և ոչ պարբերական,

• առկա են ազատությունից զրկված օտարերկրացի քաղաքացիների հաղորդակցման և դրանով պայմանավորված՝ վերջիններիս իրավունքների ապահովման խնդիրներ,

• միայնակ պահվող ազատությունից զրկված անչափահասները զրկված են բավարար մարդկային շփման հնարավորությունից,

• առկա է ազատությունից զրկված անձանց հետ անմիջականորեն առնչվող հսկիչների, անվտանգության բաժնի ծառայողների, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական ծառայության անձնակազմի վերապատրաստումների անհրաժեշտություն,

• քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աշխատանքային պայմաններն անբավարար են:

Մարդու իրավունքների պաշտպանը ողջունելի է համարում դրական փոփոխությունները, որոնք հիմնականում հանգում են հետևյալին.

• կանանց տեղամասի առաջին հարկում տեղակայված ընդհանուր դահլիճը «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը կահավորել է մի շարք նոր մարզասարքերով և մարզական գույքով, կազմակերպել են յոգայի դասընթացներ,

• նույն ծրագրի շրջանակներում կազմակերպվել են նաև մի շարք այլ դասընթացներ՝ վարսահարդարման, խոհարարության (խոհանոցը կահավորվել է նոր տեխնիկայով), գորգագործության, թաղիքագործության և այլն,

• ծրագրի շրջանակներում վերանորոգվել է կանանց տեղամասի առաջին հարկում տեղակայված սենյակներից մեկը՝ կահավորելով այն որպես համակարգչային սենյակ, որտեղ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում են մի շարք դասընթացներ, իսկ դատապարտյալ կանայք հնարավորություն ունեն հատուկ ծրագրի միջոցով սովորել անգլերեն լեզու,

• ազատությունից զրկված կանայք ակտիվորեն օգտվում են տեսազանգի հնարավորությունից,

• քրեակատարողական հիմնարկի մասնաշենքերում փակցված են եղել դիմումների արկղեր,

• կանանց տեղամասի ընդհանուր կացարանն օրվա հերթապահ պատասխանատուների հսկիչ կետից շարունակել է առանձնացված լինել ապակե միջնորմով, որը ներկվել է՝ բացառելով քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից կացարանի անմիջական և մշտական դիտարկման հնարավորությունը,

• 2019 թվականի սեպտեմբերից ազատությունից զրկված անչափահասները ստացել են միջնակարգ կրթություն ստանալու հնարավորություն. քրեակատարողական հիմնարկում գործում են 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններ:

ՄԻՊ աշխատակազմից նշում են, որ այցի արդյունքում կազմված վերլուծական փաստաթուղթը ներկայացված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարություն և Քրեակատարողական ծառայություն՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ քննարկելու բարձրացված հարցերը և աջակցելու դրանց լուծմանը:

Лента

Рекомендуем посмотреть