Նախագահը Ռազմական ոստիկանության պետին, ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետին ազատելու առաջարկ է ստացել - RadioVan.fm

Онлайн

Նախագահը Ռազմական ոստիկանության պետին, ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետին ազատելու առաջարկ է ստացել

2020-02-19 14:47 , Политика, 1126

Նախագահը Ռազմական ոստիկանության պետին, ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետին ազատելու առաջարկ է ստացել

Զինված ուժերում (ԶՈւ) մահվան դեպքերի առնչությամբ երկուշաբթի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ քննարկման արդյունքում կայացվել են կարևոր, այդ թվում՝ կադրային որոշումներ։

Նախագահ Արմեն Սարգսյանը, ահա, ՀՀ վարչապետի աշխատակազմից Զինված ուժերի երկու պաշտոնյաների պաշտոնանկ անելու առաջարկություն է ստացել։ Նախագահի աշխատակազմի տեղեկացմամբ՝ նրանք են Հայաստանի ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը և Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը:

Հավելենք՝ փետրվարի 17-ին տարածած հաղորդագրությամբ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը անդրադառնալով վերջին շրջանում բանակում արձանագրված մահերին՝ հայտնել է, որ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 17-ը Զինված ուժերում գրանցված 13 (ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, սպաներ) մահվան դեպքերից 4-ը դժբախտ պատահարի հետևանքով են, 4-ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով (հիվանդություն, անձնական խնդիրներ), մնացած 5 դեպքերի առթիվ հարուցված են քրեական գործեր, հանգամանքները պարզվում են:

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը միաժամանակ hորդորել էր լրատվամիջոցների ներկայացուցիչներին, քաղաքական և հասարակական գործիչներին, փորձագետներին և «վերլուծաբաններին» զերծ մնալ բանակում մահվան դեպքերը շահարկելու, դրանցից անձնական և քաղաքական դիվիդենտներ քաղելու ապակայունացնող փորձերից, հասարակությանն էլ կոչ էր արվել ապատեղեկատվությունից խուսափելու և մանիպուլյացիաների չենթարկվելու համար հետևել պաշտոնական լրահոսին:

«Բանակը մեր երկրի կայունությունն ապահովող հիմնական կառույցն է և այս կամ այն կերպ առնչություն ունի ոչ միայն պետության՝ որպես մեկ ամբողջության, այլև անհատապես մեզանից յուրաքանչյուրի հետ: Հասկանալի է հանրության բուռն արձագանքը ԶՈւ հետ կապված ցանկացած միջադեպի առնչությամբ, առանձնապես երբ մահվան ելքով դեպքեր են գրանցվում: Հավաստիացնում ենք, որ յուրաքանչյուր դեպք համակողմանիորեն և խորությամբ ուսումնասիրվում է, քննվում է պատկան մարմինների կողմից, արվում են անհրաժեշտ հետևություններ և հնարավոր ամեն ինչ բացթողումները շտկելու և հետագայում բացառելու համար: Հորդորում ենք բոլորին լինել համբերատար, զերծ մնալ զգացմունքային բնորոշումներից, որակավորումներից և անհիմն մեղադրանքներից, լինել զգոն և առավելագույնս զգուշավոր լրատվամիջոցներում, սոցցանցերում և այլ հարթակներում պետության անվտանգությունն ապահովող կառույցի հետ կապված ցանկացած հրապարակային միտք արտահայտելիս:

Յուրաքանչյուր զինծառայողի մահը մեծ կորուստ և ցավ է Զինված ուժերի հրամանատարական կազմի համար: Կրկին ցավակցում ենք բոլոր մահացած զինծառայողների հարազատներին, համբերություն ենք մաղթում նրանց: Վստահեցնում ենք, որ զինծառայողների մարտունակությունը բարձր է, և մենք շարունակում ենք անշեղորեն կատարել մեր առջև դրված մարտական խնդիրները»,-ասված էր տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть