«Յանդեքս» տաքսի ծառայության հակամրցակցային գործունեությունը հայտնվել է Հայաստանի մրցակցային մարմնի վարույթում։ Այս մասին ասել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ Մոսկվայում մեկնարկած ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինների խորհրդի նիստին, որի նախագահող երկիրն այս տարի Հայաստանն է։
ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը գործընկերներին ներկայացրել է Հայաստանի մրցակցային մարմնի վարույթում գտնվող և համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի քանի գործեր: Մասնավորապես, այս պահին Հանձնաժողովը ուսումնասիրում է էլեկտրոնային հարթակների միջոցով տաքսի ծառայություն կազմակերպող ընկերությունների գործը: Խոսքը վերաբերում է վերջերս հայկական շուկա մուտք գործած «Յանդեքս» տաքսի ծառայությանը: Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ սկսել է ուսումնասիրել ընկերության վարքագիծը, քանի որ շուկա մուտք գործելու օրվանից վերջինիս գործունեության մեջ նկատվել են մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման դրսևորումներ:
Ինչպես հայտնում են ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից՝ Ա. Շաբոյանը տեղեկացրել է, որ ««Յանդեքսի» մեկնարկային պայմաններն ի սկբանե եղել են ընկերության համար խիստ շահավետ: Ի տարբերություն նույն ծառայությունը մատուցող անհատների կամ ընկերությունների, «Յանդեքսը» չի վճարում մյուսների համար պարտադիր համարվող լիցենզավորման տուրքը, վարորդների եկամտային հարկը և արտոնագրային վճարը, որն արդեն իսկ առավել մրցակցային պայմաններ է ապահովում վերջինիս համար: Հանձնաժողովը, ընկերության վարքագծի ուսումնասիրության ընթացքում բացահայտել է մի շարք հանգամանքներ, որոնք փաստում են, որ ընկերությունը դաշտում գործում է անարդար մրցակցային կանոններով (ինչի մասին, նշենք, տեւական ժամանակ է բարձրաձայնում են ոլորտում գործող տաքսի ծառայության ներկայացուցիչները): Օրինակ, «Յանդեքսը» իր հետ համագործակցող բոլոր վարորդներին փաստացի կատարած յուրաքանչյուր մինիմալ պատվերի համար վճարում է 500 դրամ, ինչն առնվազն բիզնես տրամաբանությունից դուրս գործելաոճ է: Քանի որ Հայաստանում գործում են էլեկտրոնային հարթակների միջոցով աշխատող այլ տաքսիներ ևս, ապա Հանձնաժողովը այս պահին ուսումնասիրում է վերջիններիս վարքագիծը նույնպես: Խոսքը վերաբերում Է «GG տաքսի» և «Մոբի տաքսի» ընկերություններին»:
Իրավախախտումների վերաբերյալ Հանձնաժողովի որոշումը կհրապարակվի նիստի ավարտին: