«Արթուր Սարգսյանը խղճի բանտարկյալ է ու պետք է ազատ արձակվի». այս կարգախոսով այսօր մի խումբ քաղաքացիներ Էրեբունի թանգարանի դիմացից երթով շարժվել են դեպի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ հաց տանելու ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր»-ի անդամներին «հաց բերողին»՝ Արթուր Սարգսյանին։ Տոպրակում՝ սնունդ, հիգիենայի որոշ պարագաներ. «Մեր խնդիրը հիմա խղճի պարտքը կատարելն է Արթուրի նկատմամբ»,-լրագրողների հետ զրույցում նշել է երթը նախաձեռնող «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը՝ ընդգծելով, որ Արթուրը ապօրինի է պահվում կալանքի տակ, դա կամայականության դրսեւորում է, քանի որ նա Քրեական օրենսգրքով որևիցե դատապարտելի գործողություն չի իրականացրել:
Հիշեցնենք, «Հաց բերող» Արթուր Սարգսյանին նախաքննական մարմնի կողմից ի սկզբանե մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի նույն հոդվածներով, ինչ ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր»-ին՝ այն է՝ 218 -րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը): Կարճ ժամանակ անց մեղադրանքը վերաորակվեց և մեղադրանք առաջադրվեց՝ զենք պահելուն և կրելուն օժանդակելու և պատանդներ պահելուն օժանդակելու մեջ։