Կենդանության օրոք համատեղ ցուցահանդես երբևէ չունեցած Պիկասոն և Դալին մարտի 7-ից իրենց աշխատանքներով կներկայանան Երևանում - RadioVan.fm

Онлайн

Կենդանության օրոք համատեղ ցուցահանդես երբևէ չունեցած Պիկասոն և Դալին մարտի 7-ից իրենց աշխատանքներով կներկայանան Երևանում

2020-03-03 17:47 , Культура, Шоу бизнес, 1964

Կենդանության օրոք համատեղ ցուցահանդես երբևէ չունեցած Պիկասոն և Դալին մարտի 7-ից իրենց աշխատանքներով կներկայանան Երևանում

7 ամից առաջ Երևանում «Մոսկվայի տան» գլխավոր տնօրեն նշանակված Վահրամ Կարապետյանի՝ պաշտոնում նշանակման հենց առաջին օրը հին ընկերոջ՝ «Ռոսսոտրուդնիչեստվո»–ի ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի հետ պատահական հանդիպումն այսօր պտուղներ է տվել։

«Նրա հետ քննարկեցինք ռուս-հայկական բարեկամությանը վերաբերող շատ հարցեր, ու մեկ էլ նա՝ թե՝ լավ կլինի, որ Հայաստանում կազմակերպենք Դալիի և Պիկասոյի ցուցահանդեսը։ Ասացի՝ գաղափարը շատ լավն է, ինչպե՞ս սկսենք»,-պատմում է Վահրամ Կարապետյանը՝ հավելելով, որ հենց այդ պահին պարոն Կրիվոպուսկովը զանգել է իր ընկերոջը՝ մասնավոր կոլեկցիոներ, «Ազգերի արվեստ» հիմնադրամի ղեկավար Ալեքսանդր Շադրինին, որը հաջորդ օրն արդեն ժամանել է Երևան՝ քննարկելու մանրամասները։

Շուրջ կես տարի անց, ահա, մի շարք քննարկում-հանդիպումներից հետո Երևանում, Հայաստանի ազգային պատկերասրահում (ՀԱՊ), արվեստասեր հանրությունը հնարավորություն կունենա մեկ ցուցահանդեսում վայելել իսպանացի հանրահայտ գեղանկարիչներ՝սյուրռեալիզմի հիմնադիրներից Սալվադո Դալիի և Կուբիստական շարժման հիմնադիր Պաբլո Պիկասոյի աշխատանքները, արվեստագետների, որոնք կենդանության օրոք երբևէ համատեղ ցուցահանդես չեն ունեցել։

«Իրականում Հայաստանում ցուցահանդես չէի ծրագրել, բայց երբ խնդրում են ընկերները՝ ես մերժել չեմ կարող»-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգերի արվեստ» հիմնադրամի ղեկավար մոսկվաբնակ Ալեքսանդր Շադրինը՝ ընդգծելով, որ ցուցահանդեսից առևտրային որևէ հետաքրքրություն չունի։

Այդպիսով՝ ՀԱՊ-ում մարտի 7-ից բացվող «Դալի և Պիկասո» ցուցահանդեսում Շադրինի մասնավոր հավաքածուից կներկայացվի արվեստագետների շուրջ 260 աշխատանք՝ նկարներ, քանդակներ, կերամիկական ու գրաֆիկական աշխատանքներ։

Արձագանքելով իրեն զայրացնող հարցին, թե բնօրինա՞կ են, արդյոք հավաքածուի բոլոր գործերը՝ Ալեքսանդր Շադրինն ասաց․ «Այո, այո և մեկ անգամ ևս՝ այո, բնօրինակ են»։

Կոլեկցիոները Սալվադոր Դալիի բրոնզե քանդակները ձեռք է բերել 2006 թվականին՝ նկարչի բարեկամ Բենյամին Լևինի ստեղծած «Դալիի աշխարհ» Փարիզյան հիմնադրամից, վիմագրանկարները, շուրջ 40 գործ, գնել է հայտնի հավաքորդ, Դալիի ընկեր Պիեռ Արժիլեի ընտանիքից 2011 թվականին, Պիկասոյի խեցեգործական լավագույն աշխատանքները, որոնք վաճառքի է հանել Ռանյե ընտանիքը, գնվել են 2012-ին, «Christies» աճուրդային տնից։

«Հենց նրանց առանձնատանն է 72-ամյա Պիկասոն ստեղծել իր այս խեցեղեն գործերի շարքը»,-նկատեց կոլեկցիոները, որի համար «Դալին Դոն Քիշոտն է, իսկ Պիկասոն՝ Սանչո Պանսան»։

Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև ապրիլի 26-ը և, ինչպես նշում են կազմակերպիչները, այն լինելու է կամուրջ՝ հայ-ռուսական բարեկամության։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть