Առաջնագծում՝ 1800 կրակոց. վիրավորվել է ՊԲ զինծառայող - RadioVan.fm

Онлайн

Առաջնագծում՝ 1800 կրակոց. վիրավորվել է ՊԲ զինծառայող

2016-10-07 21:50 , Общество, 924

Առաջնագծում՝ 1800 կրակոց. վիրավորվել է ՊԲ զինծառայող

Հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1800 կրակոց:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր /155 կրակոց/ և <<ԻՍՏԻԳԼԱԼ>> տիպի հեռահար դիպուկահար հրացան /109 կրակոց/:

Հյուսիսային ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև ՀԱՆ-17 (հաստոցավոր ավտոմատ նռնականետ)՝ 1 արկ:

Ինչպես հաղորդում է Արցախի պաշտպանական գերատեսչությունը՝ այսօր ժամը 8:30-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել 20-ամյա զինծառայող Հայկ Լևոնի Համբարձումյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

«Դատելով Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում վերջին շրջանում տեղ գտնող զարգացումներից՝ տպավորություն է ստեղծվում, որ հակառակորդն ընտրել է առաջնագծում իրավիճակն աստիճանաբար և նպատակային սրելու մարտավարություն»՝ հայտարարում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը այսօր տարածած հաղորդագրությունում:

«Դա արտահայտվում է ինչպես հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերի քանակական աճով, այնպես էլ դրանցում կիրառվող զինատեսակների որակական հատկանիշներով: Հատկանշական է, որ ապրիլյան քառօրյա առճակատումը սանձազերծած ադրբեջանական կողմը, որը վերահաս պարտությունից խուսափելու նպատակով ստիպված էր իր իսկ խնդրանքով և երրորդ կողմի միջնորդությամբ մարտագծում վերահաստատել 1994-ի մայիսին եռակողմ համաձայնությամբ ձեռքբերված հրադադարը, կրկին անցել է սադրիչ գործողությունների ոչ միայն հակամարտ զորքերի շփման գծում, այլև քարոզչական դաշտում», — ասված է հաղորդագրությունում:

«Անցած օրերի ընթացքում հակառակորդը կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, այդ թվում` «ԴՇԿ» տիպի գնդացիր, «Սև նետ» և «Իստիգլալ» դիպուկահար զինատեսակներ ու ՀԱՆ-17 տիպի նռնականետ, այսօր տարածել է տեղեկություն առ այն, թե իբր հայկական կողմն առաջնագծում կիրառել է 60 մմ-ոց ականանետեր: ԼՂՀ պաշտպանության նախարարությունն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությունը ոչ այլ ինչ է, քան իրավիճակի ապակայունացմանն ուղղված պարզամիտ քարոզչական հնարք», — ասված է հաղորդագրությունում:

Լուսանկարները՝ ԼՂՀ ՊՆ պաշտոնական կայքից՝

Лента

Рекомендуем посмотреть