Սպանություն կատարելու կասկածանքով պայմանագրային զինծառայող է ձերբակալվել - RadioVan.fm

Онлайн

Սպանություն կատարելու կասկածանքով պայմանագրային զինծառայող է ձերբակալվել

2020-03-19 20:55 , Право, 1649

Սպանություն կատարելու կասկածանքով պայմանագրային զինծառայող է ձերբակալվել

2020 թվականի մարտի 18-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում,Տավուշի մարզի Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրից դեպի Չորաթան բնակավայր տանող հանդամիջյան ավտոճանապարհի 0,1 կիլոմետրին, մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կտրող-ծակող առարկայով հարվածել է նույն համայնքի Այգեձոր բնակավայրի բնակչին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն՝ մանրամասնելով, որ հարվածիհետևանքով վերջինս մահացել է, ինչպես նաև նույն առարկայով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Այգեձոր համայնքի ևս երկու բնակիչների, ինչի արդյունքում վերջիններիս պատճառվել են մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Պայմանագրային զինծառայողը ձերբակալվել է:

Դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու համար ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Лента

Рекомендуем посмотреть