Ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ գործատուն պարտավոր է աշխատավարձ վճարել․ ՀՀ ՄԻՊ - RadioVan.fm

Онлайн

Ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ գործատուն պարտավոր է աշխատավարձ վճարել․ ՀՀ ՄԻՊ

2020-03-21 13:01 , Право, 1828

Ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ գործատուն պարտավոր է աշխատավարձ վճարել․ ՀՀ ՄԻՊ

Գործատուները պարտավոր են զերծ մնալ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված յուրաքանչյուր աշխատողի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների իրավունքը խախտող արարքներից, և ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ՝ վճարել օրենսդրությամբ նախատեսված չափով աշխատավարձ. Մարդու իրավունքների պաշտպանն արձագանքում է արտակարգ դրության պայմաններում աշխատողների մտահոգություններին։

Պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ երկրում նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածումը կանխարգելելու նպատակով արտակարգ դրություն հայտարարելուց հետո բողոքներ են ստացվել բազմաթիվ քաղաքացիներից այն մասին, որ չեն ապահովվում նրանց աշխատանքային իրավունքները։

Մասնավորապես, քաղաքացիներից ոմանք նշել են, որ գործատուն իրենց պարտավորեցնում է ներկայանալ աշխատանքի՝ չապահովելով վիրուսի տարածումը կանխարգելելու պահանջվող պայմանները, ոմանք էլ բարձրաձայնել են, որ փաստացի հարկադիր պարապուրդի մատնված լինելով՝ գործատուն հորդորում կամ սպառնում է նրանց ներկայացնել վճարվող և/կամ չվճարվող արձակուրդի դիմում՝ հակառակ դեպքում պետք է աշխատանքից ազատման դիմումներ գրեն։

«Հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակը, ինչպես նաև արտակարգ դրության պայմաններում կիրառելի իրավական հիմնական պահանջները՝ արձանագրում ենք՝

• գործատուն պարտավոր է առաջնահերթ ապահովել անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ՝ աշխատողին տալով աշխատանքը հեռահար եղանակով իրականացնելու հնարավորություն աշխատավարձի պահպանմամբ,

• վերոնշյալը վերաբերում է հատկապես 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ ունեցող անձանց աշխատանքի կազմակերպմանը.

• չվճարվող կամ վճարվող արձակուրդը տրամադրվում է աշխատողի պահանջով կամ համաձայնությամբ.

• ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ աշխատողը վճարվում է օրենսդրությամբ նախատեսված չափով աշխատավարձ.

• ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ աշխատողին կարող է առաջարկվել իր մասնագիտությանը և որակավորմանը համապատասխանող և առողջությանը վնաս չպատճառող այլ աշխատանք.

• պարապուրդի ժամանակ աշխատողին ավելի ցածր աշխատավարձով, բայց իր մասնագիտությանը և որակավորմանը համապատասխանող ու առողջությանը վնաս չպատճառող այլ աշխատանքի փոխադրելիս անհրաժեշտ է նրա համաձայնությունը.

• եթե հարկադիր պարապուրդի ժամանակ աշխատողին վերը նշված աշխատանքը չի առաջարկվում, գործատուն պարտավոր է աշխատողին վճարել օրենսդրությամբ սահմանված չափով աշխատավարձ.

• գործատուն պարտավոր չէ վճարել աշխատավարձ միայն աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած պարապուրդի համար։

Հարկ ենք համարում նաև արձանագրել, որ աշխատանքային վեճերի լուծման արտադատական մարմին Հայաստանում առկա չէ, իսկ աշխատանքային վեճերը մեր երկրի օրենսդրությամբ ենթակա են լուծման դատական կարգով։

Գործատուները պարտավոր են զերծ մնալ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված յուրաքանչյուր աշխատողի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների իրավունքը խախտող արարքներից»,-ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի տարածած հայտարարությունում։

Ի դեպ, նշենք, մարտի 19-ին կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ խնդրին անդրադարձել էր նաև Պետական եկամուտների կոմիտեի նախագահը: Դավիթ Անանյանն ընդգծել էր, որ կոնավիրուսով պայմանավորված պարապուրդի օրերի համար գործատուն պարտավոր է աշխատավարձ վճարել աշխատողին: Իսկ եթե հրաժարվում է, ՊԵԿ նախագահը խորհուրդ էր տվել դիմել իրավասու մարմնին՝ այն է՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին:

Лента

Рекомендуем посмотреть