«Անկախության սերնդի զինվորները դարձան անօրինակ սխրանքների հեղինակներ». քառօրյայի 4-րդ տարելիցն է - RadioVan.fm

Онлайн

«Անկախության սերնդի զինվորները դարձան անօրինակ սխրանքների հեղինակներ». քառօրյայի 4-րդ տարելիցն է

2020-04-02 15:19 , Общество, 1587

«Անկախության սերնդի զինվորները դարձան անօրինակ սխրանքների հեղինակներ». քառօրյայի 4-րդ տարելիցն է

Այսօր 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի 4-րդ տարելիցն է:

«Տեղի ունեցածը տվեց հարցերից թերևս ամենակարևորի պատասխանը: Իսկ հարցը հետևյալն էր, թե անկախության սերունդը որքանով է ի վիճակի պաշտպանել սեփական հայրենիքի անվտանգությունը և ինքնիշխանությունը: Եվ, կարծում եմ, այդ պատասխանը պերճախոս կերպով տրվեց, որովհետև մեր անկախության սերնդի զինվորները՝ իհարկե, ոչ միայն նրանք, բայց մեր անկախության սերնդի զինվորները, երիտասարդները դարձան անօրինակ սխրանքների հեղինակներ՝ սրանով, ի վերջո, իսկապես պատասխանելով հարցերից թերևս ամենակարևորին: Եվ Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, հայ ժողովուրդը ընդհանրապես պետք է վստահ լինի, որ, այո՛, Արցախյան ազատամարտի առաջին սերնդի մեր ներկայացուցիչներին՝ հայրենիքի պաշտպաններին, եկել է համալրելու նոր սերունդը, որը նույնպես, գուցե ոչ նույնկերպ, բայց նույնքան վճռական պատրաստ է կանգնել սեփական հայրենիքի պաշտպանության դիրքերում, և սա կարծում եմ՝ այլևս կասկածի տակ չէ»,-գործադիրի հերթական նիստի մեկնարկին այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկաներին առաջարկելով մեկ րոպե լռությամբ հարգեցել են Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը։

Նշենք՝ Նիկոլ Փաշինյանը ՀՀ աշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ այսօր այցելել է նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:

Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկանքի՝ 2016 թվականի ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի հետ անմիջական շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ զոհվել են 64 զինծառայողներ և 13 աշխարհազորայիններ ու պահեստազորայիններ, այդ թվում՝

սպաներ՝ 15,

պայմանագրային զինծառայողներ՝ 15,

ժամկետային պարտադիր զինծառայողներ՝ 34,

աշխարհազորայիններ՝ 11,

պահեստազորայիններ՝ 2։

Անհայտ կորած `

1 սպա` կապիտան ԳաբոյանԱրգիշտի Արծվիի:

Ոչ մարտական կորուստներ

ապրիլի 2-ից 13-ն ընկած ժամանակահատվածում սահմանային լարվածության ուժգնացման պայմաններումկորուստները կազմել են.

զինծառայողներ՝ 9,

աշխարհազորայիններ՝ 2,

հակառակորդի հանցավոր գործողությունների արդյունքում զոհված ԼՂՀ խաղաղ բնակիչներ՝ 4,

Ընդամենը` 15 զոհված/մահացած:

Ընդհանուրը` 92 զոհված/մահացած:

Հավելենք, որ Ապրիլյան քառօրյա պատերազմը ոչ միայն հուշերի տեսքով են ամբարվել հայրենիքի խաղաղության համար մարտնչող մեր զինվորների մտքերում, այլև՝ վավերագրվել են՝ հանձնվելով ընթերցողի դատին: Կապանի բրիգադում ծառայություն անցած Թադևոս Ծփնեցյանը, որը 2016-ի ապրիլի 2-ին տեղափոխվել է Արցախ՝ Ջաբրայիլի մարտական դիրքեր, հարյուրավոր հայորդիների հետ պայքար մղելու հայրենիքի սահմանների պաշտպանության համար, տեսածը, ապրածը գրի է առել և ընկերոջ՝ Արթուր Գինոսյանի համակարգչում ի մի բերել՝ «Մեռնող սլաքներ» վերանագրով փաստավավերագրական վեպի տեսքով։

«Եթե այլ երկրի սահմանները քանոնով և մատիտով են գծված, մեր երկրի սահմանները ևս մեկ անգամ ամրագրվեցին ընկած տղաների արյունով, ինչը պարտավորեցնող է»,-արձանագրում է ականատես-հեղինակը՝ զերծ մնալով գրքի բովանդակության վերաբերյալ որևէ բան ասել, ասում է՝ թող ընթերցողը փակագծերը բացի։

Գրքի շնորհանդեսը կայացել է 2019-ի հոկտեմբերի 5-ին:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть