Онлайн

Բռնության ենթարկված գյումրեցի աղջկան տեսակցելու է գնացել նրա եղբայրը

2020-04-03 16:10 , Общество, 1099

Բռնության ենթարկված գյումրեցի աղջկան տեսակցելու է գնացել նրա եղբայրը

«Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված 13-ամյա աղջնակին տեսակցելու էր եկել նրա եղբայրը»,-ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

«Մինչ օրս աղջնակին հարազատներից ոչ ոք չէր տեսակցել:

Տարիների դադարն ավարտվեց նման ջերմ գրկախառնությամբ ու հետագայում իրար հետ շփվելու ցանկությամբ»,-հավելել է բուժկենտրոնի մամուլի խոսնակը՝ միաժամանակ հրապարակելով փաստող լուսանկար:

Հիշեցնենք՝ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Կատարվածի առիթով հարուցվել է քրեական գործ, արարքի կատարման կասկածանքով, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, կալանավորվել է 28-ամյա երիտասարդ։

Ինչպես դժբախտ պատահարից հետո լրատվամիջոցների հետ զրույցում պատմել է 17-ամյա տղան՝ իր կապը մոր և 13-ամյա քրոջ հետ դադարել է հոր մահից հետո, երբ կյանքը հայրական տանը, նրա մեկնաբանմամբ, անտանելի է դարձել: Տղան տեղափոխվել է հորաքրոջ տուն, ապրել նրա հետ:

Երեխաները ճանաչվել են առանց ծնողական խնամքի մնացած անձինք, քանի որ նրանց հարազատներից ոչ ոք չի ցանկանում ստանձնել նրանց խնամակալությունը։

Գյումրիի քաղաքապետարանում մարտի 10-ին անցկացվել է խնամատարության և հոգաբարձության հանձնաժողովի նիստ, որում հարցը քննարկվել է: Շիրակի մարզպետարանի ընտանիքի կանանց և երեխաների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը հայտնել է, որ աղջկան խնամատարության վերցնել ցանկացող ընտանիքներ կան, սակայն պետք է սպասել՝ մինչև աղջկա առողջական վիճակը կայունանա։

Лента

Рекомендуем посмотреть