Ովքե՞ր կթռչեն ապրիլի 6-ին նախատեսված Մոսկվա-Երևան չվերթով․ դեսպանատունը պարզաբանում է - RadioVan.fm

Онлайн

Ովքե՞ր կթռչեն ապրիլի 6-ին նախատեսված Մոսկվա-Երևան չվերթով․ դեսպանատունը պարզաբանում է

2020-04-04 18:02 , Общество, 1273

Ովքե՞ր կթռչեն ապրիլի 6-ին նախատեսված Մոսկվա-Երևան չվերթով․ դեսպանատունը պարզաբանում է

Ռուսաստանի Դաշնությունում (ՌԴ) Հայաստանի Հանրապետության (ՀՀ) դեսպանատունը տարածել է պարզաբանում, թե ինչպես են ընտրվել ապրիլի 6-ի համար նախատեսված չարտերային թռիչքի ուղևորները։

Դեսպանատան տարածած հաղորդագրությունում ասված է․

«Ի պատասխան քաղաքացիների որոշ հարցադրումների՝ նշենք, որ Մոսկվայից Երևան ապրիլի 6-ի (WZ4323) թռիչքի տոմսերի ձեռքբերման հարցում առաջնահերթություն է տրվել այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր վերջին օրերին ՌԴ այլ քաղաքներից տարանցիկ ճանապարհով ժամանել էին Մոսկվա, չէին կարողացել մեկնել Հայաստան չվերթների չեղարկման պատճառով և ստեղծված իրավիճակում գտնվում էին օդանավակայանում ու հարակից տարածքներում։

Նշյալ քաղաքացիների հետ մեկտեղ՝ առաջնահերթություն է տրվում բոլոր այն ՀՀ քաղաքացիներին, որոնց վերադարձը հայրենիք խիստ հրատապ և անհետաձգելի է, նրանց թվում են՝ հետվիրահատական վերականգնման անհրաժեշտություն ունեցող և բուժման ցուցումով Հայաստան վերադարձողները, ծայրաստիճան բարդ ֆինանսական իրավիճակում հայտված քաղաքացիները, մանկահասակ երեխաներով քաղաքացիները և այլք։

Նման քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրվում է նաև հայ համայնքային կառույցների կողմից։

Այս օրերին ստեղծված բարդագույն իրավիճակում` հաշվի առնելով նաև նստավայր երկրում սահմանված խստագույն սահմանափակումները, այդ թվում՝ միջազգային օդափոխադրումների ամբողջական դադարեցման պահանջը, դեսպանությունը շարունակում է օգտագործել հնարավորագույն միջոցները ծագած խնդիրների կարգավորման ուղղությամբ։

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով համացանցի տիրույթում ոչ ստույգ և իրականությանը չհամապատասխանող տեղակատվության տարածման հանգամանքը, կոչ ենք անում հետևել միայն պաշտոնական աղբյուրներից ստացվող տեղեկատվությանը։

Եվս մեկ անգամ նշենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով ծագած խնդիրների կարգավորման ուղղությամբ»։

Ավելի վաղ ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից հայտնել էին, որ բացառապես Ռուսաստանի Դաշնությունում (ՌԴ) գտնվող ՀՀ քաղաքացիների համար ապրիլի 6-ին չարտերային թռիչք կկազմակերպվի։

Лента

Рекомендуем посмотреть