Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժած 26 քաղաքացիներ այսօր Բեսլանից օդանավով կվերադառնան Հայաստան։ Այս մասին տեղեկացնում է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը: Նույն ինքնաթիռով Երեւան կտեղափոխվեն նաև վթարի հետեւանքով զոհված ՀՀ երկու քաղաքացիների՝ Արևիկ Լունոնյանի և Յուրի Պողոսյանի դիերը. վթարի հետևանքով զոհված մյուս երեք ուղևորները, հիշեցնենք, Ռուսաստանի քաղաքացիներ են։
Նշենք, որ մինչ այս՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից կազմակերպվել էր վթարից տուժած քաղաքացիների` ավտոբուսով վերադարձը Հայաստան։ Սակայն ՌԴ իշխանությունների կողմից առաջարկվել է տուժածների տեղափոխումը կազմակերպել ինքնաթիռով:
Օդանավի՝ Երեւան ժամանելու վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն։
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը հայտնել են, որ նախնական տվյալներով` ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխող ՌԴ ԱԻՆ օդանավը Բեսլանից Երեւան կուղևորվի հայկական ժամանակով ժամը 16-ին, թռիչքի մասին լրացուցիչ կտեղեկացվի: