Արսինե Խանջյանի, Սերժ Թանկյանի, Ատոմ Էգոյանի ՀՀ-ում դիտորդական փորձառությունը՝ նոր ֆիլմում - RadioVan.fm

Онлайн

Արսինե Խանջյանի, Սերժ Թանկյանի, Ատոմ Էգոյանի ՀՀ-ում դիտորդական փորձառությունը՝ նոր ֆիլմում  

2020-04-06 18:20 , Культура, Шоу бизнес, 1464

Արսինե Խանջյանի, Սերժ Թանկյանի, Ատոմ Էգոյանի ՀՀ-ում դիտորդական փորձառությունը՝ նոր ֆիլմում

2017թ․ խորհրդարանական ընտրությունների ընթացքում Արսինե Խանջյանի, Սերժ Թանկյանի, Ատոմ Էգոյանի իրականացրած դիտորդական առաքելության մասին պատմող «Ճանապարհ դեպի տուն» վավերագրական ֆիլմն արդեն հասանելի է համացանցում: Այդ մասին տեղեկացնում է ֆիլմի ռեժիսոր Սեդա Գրիգորյանը:

«Համաշխարհային ճանաչում ունեցող հայ արվեստագետներ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը, երաժիշտ Սերժ Թանկյանը, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, նկարիչ և երգիծաբան Վահե Բերբերյանն ու ռեժիսոր Էրիկ Նազարյանը 2017թ միանում են Հայաստանումխորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելությանը «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությամբ:

2016-ին կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը անակնկալ բերման է ենթարկվում Խորենացի փողոցից, որտեղ ցույցեր էին ընթանում: Այս դեպքը Սփյուռքում մի ամբողջ քաղաքացիական շարժման առիթ է դառնում: Մեծ թվով կամավորներ միանում են «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության դիտորդական առաքելությանը 2017թ խորհրդարանական ընտրություններին»,-ասվում է ֆիլմի ծանոթագրությունում:

Ռեժիսորի փոխանցմամբ՝ ֆիլմը ներկայացնում է հայազգի արվեստագետների մտահոգությունները, Հայաստանի կյանքում մասնակցություն ունենալու և դրական փոփոխություն բերելու ջանքերը, հույզերն ու պայքարը։

«Արձագանքելով մեր հայրենակիցների ահազանգերին, ովքեր մտավախություն ունեին, որ ընտրությունները կեղծիքներով կընթանան՝ մենք Սփյուռքում ձևավորվեցինք Արդարություն Հայաստանում նախաձեռնությունը, և ընտրությունների նախօրեին ժամանեցինք Հայաստան՝ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։

Դեռ 2016 թվականին, երբ ես Խորենացի փողոցում ականատես եղա խաղաղ ցուցարարների հանդեպ գործադրվող բռնություններին ու բերման ենթարկվեցի ոստիկանության կողմից, ինձ համար պարզ դարձավ, որ մեր պարտքն է՝ կանգնել Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողքին ու ավելի բարձր հնչեցնել նրա բողոքի ձայնը։

Դիտորդական առաքելությունը մեզ համար մեծ փորձություն էր նման քաղաքացիական քայլով մենք հայրենիքում երբեք հանդես չէինք եկել։ Բայց դա նաև եզակի հնարավորություն էր՝ մասնակցելու մեր երկրում ընթացող փոփոխություններին։

Ինձ համար շատ կարևոր էր՝ զրուցել գյուղում ու քաղաքում ապրող հայի հետ, լսել նրա մտահոգությունները, հասկանալ նրա խնդիրները։ Մենք ճամփորդեցինք Հայաստանի մարզեր, հանդիպեցինք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և արձանագրեցինք մեր տեսած իրողությունները։ Ցավոք, այդ օրերին մեր հիասթափությունը մեծ էր, վերլուծություն անելու ուժ չկար, և մենք շարունակեցինք մեր ճամփորդությունը Արցախում, որտեղ մտքի ու հոգու խաղաղություն գտանք՝ արցախցի արվեստագետների ու սահմանապահ զինվորների կողքին» -ֆեյսբուքյան իր էջում գրել է Արսինե Խանջյանը։

Ռեժիսորն էլ նկատում է, որ «այս նախաձեռնությունը ստեղծեց ամուր նախադրյալներ՝ 2018թ․-ի թավշյա հեղափոխության լայն ընդգրկման և Սփյուռքի ակտիվ արձագանքի համար»։

Սեդա Գրիգորյանի տեղեկացմամբ՝ «Ճանապարհ դեպի տուն» ֆիլմը մասնակցել է մի շարք կինոփառատոների, Տորոնտոյի «Նուռ» կինոփառատոնում արժանացել Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ մրցանակին։

Լուսանկարները՝ Սեդա Գրիգորյանի

Лента

Рекомендуем посмотреть