Онлайн

Covid-19 Armenia հավելվածով թեստավորվածներից 1500 հոգի հայտնվել է կարմիր գոտում, առանձնացված 12-ից 4-ի մոտ դրական արդյունք է արձանագրվել

2020-04-08 19:37 , Общество, 389

Covid-19 Armenia հավելվածով թեստավորվածներից 1500 հոգի հայտնվել է կարմիր գոտում, առանձնացված 12-ից 4-ի մոտ դրական արդյունք է արձանագրվել

«Ակնկալում ենք, որ այսօր մենք արդեն կունենանք ինքնամեկուսացածների ցանկ։ Տվյալները ոչնչացվելու են արտակարգ դրության ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում՝ համապատասխան ընդունված կարգով։ Կառավարությունը դիմելու է ԱԺ խմբակցություններին՝ առաջարկելով համապատասխան ներկայացուցիչների մասնակցությունը տվյալների ոչնչացմանը»,-այդ մասին այսօր կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսում ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը՝ տեղեկացնելով, որ հեռախոսազանգերով մարդկանց տեղաշարժը և շփման շրջանակը ֆիքսող համակարգը գործարկվել է երեկ, կիրառման արդյունքում ինքնամեկուսացվածներ առայժմ չկան։

Անդրադառնալով հայ մասնագետների մշակած Covid-19 Armenia հավելվածին, որը Android ու iOS համակարգով հեռախոսներում հասանելի է ապրիլի 5-ից, Բագրատ Բադալյանը նշել է, որ 40 հազար բեռնում է եղել, որի ընթացքում 240 հազար անգամ բժշկական ծրագրային թեստավորում է անցկացվել: Փոխվարչապետի խորհրդականի փոխանցմամբ՝ նրանցից 1500 հոգի հայտնվել է կարմիր՝ վտանգավոր գոտում, հարցազրույցի ընթացքում առանձնացվել են 31 հոգի, որից 12-ը թեստավորվել են:

«8-ի մոտ բացասական է եղել արդյունքը, իսկ 4-ի մոտ դրական, մյուսների արդյունքներին սպասում ենք»,-նշել է նա:

Կորոնավիրուսի դեմ պայքարում թվային գործիքների կիրառման վերաբերյալ մանրամասները՝ տեսանյութում:

Հիշեցնենք՝ ապրիլի 5-ին ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ հայ մասնագետների ջանքերով ստեղծվել է Covid-19 Armenia հավելվածը, որը բեռնելով իրենց հեռախոսներում՝ քաղաքացիները կարող են ոչ միայն թարմ տեղեկություններ ստանալ կորոնավիրուսի վիճակագրության, կառավարության գործողությունների, վարակից զերծ մնալու առողջապահական խորհուրդների մասին, այլև՝ բժշկական թեստավորում անցնել:

«Մի շարք հարցերի պատասխանների արդյունքում համակարգը գնահատում է Ձեր առողջական վիճակը և անհրաժեշտության դեպքում խորհուրդ տալիս թե ինչ քայլեր ձեռնարկել: Բացի այդ, ռիսկի գոտում հայտնված օգտատերերի հետ կապ կհաստատեն պարետատան համաճարակաբանները և կանցկացնեն հարցազրույց, որի արդյունքում կորոշեն թե արդյոք անձը կարիք ունի հետագա բժշկական ուշադրության: Կարևոր է խուսափել սխալ տվյալներ մուտքագրելուց, որպեսզի բժիշկները կապ հաստատեն իրապես օգնության կարիք ունեցողների հետ»,-մանրամասնել էր Տիգրան Ավինյանը:

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի վարակի տարածման ինտենսիվությունը նվազեցնելու և մարդկանց կյանքերը փրկելու նպատակով հեռախոսազանգերը ֆիքսելուն առնչվող Ազգային ժողովի ընդունած օրենսդրական փաթեթը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ապրիլի 1-ին:

Лента

Рекомендуем посмотреть