Այսօր առավոտյան խոշոր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 8.10-ի սահմաններում, դեպի Երեւան ուսանողներ տեղափոխող 1966 թ. ծնված Գագիկ Ս.-ի վարած «Մերսեդես-Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան ճանապարհի 45-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել 1982 թ. ծնված Շավարշ Գ.-ի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենային: Ըստ տեղեկությունների՝ երթուղին բարեգործական էր, այն գյուղապետի թեկնածու Հուսիկ Սեդրակյանի միջոցով էր կյանքի կոչվել:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից՝ պատահարի հետևանքով Շավարշ Գ.-ն, «Մերսեդես-Սպրինտեր»-ի ուղևորներ` 1995 թ. ծնված Շահանե Ս.-ն, 1998 թ. ծնված Սոնա Ա.-ն, 1998 թ. ծնված Լուսինե Հ.-ն, 1996 թ. ծնված Հրանտ Գ.-ն, 1996 թ. ծնված Մետաքսյա Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, իսկ 1998 թ. ծնված Հռիփսիմե Գասպարյանը տեղում մահացել է: Նա Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղից էր: Նրա հետ է եղել նաև եղբայրը, որին տեղափոխել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանի փոխանցմամբ՝ տղայի վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում: Նա այժմ հետազոտվում է:
Ժամը 11.10-ին նշված վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով «Հրազդան» բժշկական կենտրոն են դիմել նաև «Մերսեդես-Սպրինտեր»-ի ուղևորներ` 1997 թ. ծնված Օքսանա Մ.-ն և 1996 թ. ծնված Կարեն Մ.-ն:
Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարվում է նախաքննություն: