Զատկական ուտեստներ վայելել են նաև կալանավորները - RadioVan.fm

Онлайн

Զատկական ուտեստներ վայելել են նաև կալանավորները

2020-04-13 17:38 , Право, 1578

Զատկական ուտեստներ վայելել են նաև կալանավորները

Զատկի տոնի առթիվ քրեակատարողական հիմնարկներում նույնպես կազմակերպվել էին տոնական ճաշկերույթներ։ Այդ մասին հայտնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից:

Տարածած հաղորդագրությունում ասված է.

«Երեկ՝ ապրիլի 12-ին, քրիստոնյա ժողովուրդը նշում էր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Զատիկը։ Սուրբ Զատկի տոնն առանձնանում է նաև իր ուրույն ճաշացանկով, մասնավորապես ձու են ներկում, որը համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ։

Քրիստոսի Հարության տոնին նվիրված՝ «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի կողմից հաճելի անակնկալ մատուցվեց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձանց։ Ընկերության փորձառու խոհարարները նրանց համար պատրաստել էին ավանդական բոլոր ճաշատեսակները՝ կարմիր ձուն, չամիչով փլավը, ձուկը, աղցանները, լավաշը, կանաչեղենը, թխվածքը և այլն։

Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերից «Արմավիր» և «Նուբարաշեն», 2020 թվականի մարտից «Աբովյան» և «Գորիս», իսկ ապրիլից «Դատապարտյալների հիվանդանոց», «Երևան-Կենտրոն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում սննդի ապահովումը պատվիրակվել էր «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ին։ Մինչև 2020 թվականի հունիսն այս համակարգը ներդրված կլինի Հայաստանի բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում։

Զատկի տոնի առթիվ այլ քրեակատարողական հիմնարկներում նույնպես կազմակերպվել էին տոնական ճաշկերույթներ»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախորդ տարվա հոկտեմբերից մասնավոր ընկերության կողմից կալանավայրերում սննդի ապահովման նոր համակարգ է ներդրվել: Հայաստանում գործող բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում աստիճանաբար ներդրվող այս համակարգի շրջանակում դատապարտյալների և կալանավորված անձանց համար օրական պատրաստվող սննդակարգում ներառված են նախաճաշը, ճաշը և ընթիքը:

Лента

Рекомендуем посмотреть