Չնախատեսված տեղերում աղբ թափողներին արագ հայտնաբերելու նպատակով ՀՀ ոստիկանությունը նախագիծ է ներկայացրել - RadioVan.fm

Онлайн

Չնախատեսված տեղերում աղբ թափողներին արագ հայտնաբերելու նպատակով ՀՀ ոստիկանությունը նախագիծ է ներկայացրել

2020-04-13 17:46 , Право, 239

Չնախատեսված տեղերում աղբ թափողներին արագ հայտնաբերելու նպատակով ՀՀ ոստիկանությունը նախագիծ է ներկայացրել

Այսօր ՀՀ ոստիկանությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում ներկայացրել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում է կիրառել պատասխանատվության առավել գործուն ու կանխիչ մեխանիզմ՝ չնախատեսված վայրերում աղբ թափելու պրակտիկան նվազեցնելու նպատակով:

Միաժամանակ, առաջարկվում է նշյալ դեպքերի վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժ նշանակելու իրավասությունը տեղական ինքնակառավարման մարմինների փոխարեն վերապահել ՀՀ ոստիկանությանը՝ երկակի վարչարարությունից խուսափելու նպատակով:

«ՀՀ մարզերում և Երևան քաղաքում վերջին հինգ տարում չնախատեսված վայրում աղբ թափելու վերաբերյալ իրականացվել է ընդհանուր առմամբ 4033 վարույթ, ինչի արդյունքում նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 81.559.000 ՀՀ դրամ:

Մասնավորապես, Երևան քաղաքում իրականացվել է 3 990 վարույթ, որի արդյունքում նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 79.789.000 ՀՀ դրամ, իսկ մարզերում իրականացվել է 43 վարույթ, որի արդյունքում նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 1.770.000 ՀՀ դրամ, ընդ որում, մարզերից չորսում որևէ վարույթ չի հարուցվել:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել չնախատեսված տեղերում և վայրերում աղբ թափելու պրակտիկան՝ կիրառելով պատասխանատվության առավել գործուն ու կանխիչ մեխանիզմ: Այն հնարավորություն կտա ավելի արագ հայտնաբերելու վարչական իրավախախտումը և բարձրացնելու հասարակության իրավագիտակցությունը շրջակա միջավայրը մաքուր պահելու հարցում»,-ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Հավելենք՝ նշյալ նախագիծը բաց է դիտողություն-առաջարկների համար մինչև ս.թ. ապրիլի 28-ը:

Лента

Рекомендуем посмотреть