Կորոնավիրուսի վարակի կանխարգելմամբ պայմանավորված՝ ՀՀ-ում կալանքի տակ գտնվող 20 անձ ազատ է արձակվել - RadioVan.fm

Онлайн

Կորոնավիրուսի վարակի կանխարգելմամբ պայմանավորված՝ ՀՀ-ում կալանքի տակ գտնվող 20 անձ ազատ է արձակվել

2020-04-15 20:12 , Право, 1254

Կորոնավիրուսի վարակի կանխարգելմամբ պայմանավորված՝ ՀՀ-ում կալանքի տակ գտնվող 20 անձ ազատ է արձակվել

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող նախնական կալանքի տակ գտնվող անձանց կորոնավիրուսային վարակումից և հիվանդությունից պաշտպանելու միջոցառումների շրջանակներում մինչև ապրիլի 14-ը ներառյալ դատախազների որոշումներով կամ նրանց կողմից դատարան ներկայացված միջնորդությունների արդյունքում քրեակատարողական հիմնարկներից խափանման միջոցների փոփոխմամբ ազատվել է 20 կալանավորված անձ: Այդ մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ դատախազների որոշումներով արդեն իսկ փոփոխվել են նախաքննության փուլում գտնվող գործերով անցնող 3 մեղադրյալների նկատմամբ խափանման միջոցները՝ ընտրելով ստորագրություն չհեռանալու մասին: Դատական քննության փուլում գտնվող գործերով դատախազների կողմից հրատապության կարգով դատարաններ ներկայացված 17 անձի նկատմամբ նախնական կալանքը փոփոխելու միջնորդությունները բավարարվել են: Որպես կանոն՝ դատարանների կողմից ևս ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

Վերոնշյալ 20 անձանցից 11-ը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող անձինք են, 9-ը՝ այլ ՔԿՀ-ներում:

Դրանցից 13-ը մեղադրվում են սեփականության դեմ ուղղված տարբեր հանցագործությունների կատարման համար, 4-ը՝ անձի դեմ ուղղված, 2-ը՝ բնակչության առողջության դեմ ուղղված, իսկ 1-ը՝ զինվորական հանցագործության:

Խորհրդականը միաժամանակ հայտնում է, որ քրեակատարողական հիմնարկներից նույն ժամանակահատվածում, կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված, դատախազության համապատասխան դիրքորոշման պայմաններում պատժից ազատվել է հիվանդություններով տառապող 2 անձ, ևս 2 անձի վերաբերյալ դատախազության միջնորդության արդյունքում դատարանների կողմից ընտրվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատժի տեսակ:

Лента

Рекомендуем посмотреть