Արցախը կորոնավիրուսի դեմ պայքարում ակնկալում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությունը - RadioVan.fm

Онлайн

Արցախը կորոնավիրուսի դեմ պայքարում ակնկալում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությունը

2020-04-16 19:13 , Политика, 1207

Արցախը կորոնավիրուսի դեմ պայքարում ակնկալում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությունը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը տարածել է հայտարարություն, որում հույս է հայտնում, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի դեմ պայքարում կաջակցի Արցախին, ինչը ներդրում կդառնա այդ համաշխարհային մարտահրավերի հաղթահարմանն ուղղված ընդհանուր ջանքերում:

Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև.

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ աշխարհի բոլոր անկյուններում անհապաղ և համընդհանուր հրադադարի կոչը՝ հնարավորություն տալու մարդկությանը համախմբվել ընդհանուր թշնամու՝ նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) համավարակի դեմ պայքարում, կարևոր, անհրաժեշտ և պատեհաժամ նախաձեռնություն է: Այս կոչի բարեխիղճ կատարումը կարևոր ներդրում կդառնա միջազգային հանրության կոլեկտիվ ջանքերում՝ ուղղված համայն մարդկության համար այդ նոր սպառնալիքին արդյունավետ դիմակայելուն:

Համոզված ենք, որ այս ճգնաժամային ժամանակահատվածում նեղ քաղաքական նպատակների հասնելու համար համավարակի պատճառով ստեղծված իրավիճակից օգտվելու ցանկացած փորձ սպառնալիք է ներկայացնում ամբողջ միջազգային հանրության համար և արժանի է ամենախիստ դատապարտության: Եվ հակառակը՝ համայն մարդկության համախմբվածությունը ընդհանուր և անողոք թշնամու առջև թույլ կտա ոչ միայն հաղթանակած դուրս գալ այս պայքարից, այլ նաև կամրապնդի համագործակցության ոգին, ինչը կարող է աշխարհն ավելի անվտանգ և բարգավաճ դարձնել:

Արցախի Հանրապետությունը անհապաղ արձագանքել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախաձեռնությանը և արդեն մարտի 24-ին՝ վերահաստատել իր հանձնառությունը՝ խստորեն պահպանելու հրադադարի ռեժիմը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում:

Մենք կիսում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեսակետը, որ նոր տիպի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում միջազգային հանրության կոլեկտիվ ջանքերի կենտրոնում պետք է լինի յուրաքանչյուր մարդու կյանքը: Միայն առաջնորդվելով «ոչ ոք մոռացված չէ» սկզբունքով՝ մարդկությունը կկարողանա արժանապատվությամբ դիմանալ այդ փորձությանը: Արցախի Հանրապետության համար, որն արդեն ավելի քան երեք տասնամյակ հակամարտության մեջ է գտնվում Ադրբեջանի հետ, նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարն առանձնակի սրություն է ստանում՝ հաշվի առնելով այն փաստը, որ հակամարտության պատճառով Արցախի ժողովուրդը զրկված է միջազգային կառույցների աջակցությունից:

Այս կապակցությամբ հուսով ենք, որ մասնագիտացված միջազգային կազմակերպությունները, մասնավորապես՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, կորոնավիրուսի հետ պայքարում կաջակցեն Արցախին, ինչը ներդրում կդառնա այդ համաշխարհային մարտահրավերի հաղթահարմանն ուղղված ընդհանուր ջանքերում»։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Արցախի Հանրապետությունում այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը 6-ն է, երկուսն արդեն առողջացել են, ընդհանուր առմամբ, 75 թեստ է անցկացվել։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս պահին բուժհիմնարկներում և նախատեսված մեկուսարաններում մեկուսացված քաղաքացիների ընդհանուր թիվը 10 է, վարակի հաստատման նոր դեպքեր չեն արձանագրվել: Այս պահին դեռ նոր թեստավորումներ չեն արվել:

Лента

Рекомендуем посмотреть