Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու մեջ. Մայր Աթոռն արձագանքել է - RadioVan.fm

Онлайн

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու մեջ. Մայր Աթոռն արձագանքել է

2020-04-16 20:51 , Право, 280

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու մեջ. Մայր Աթոռն արձագանքել է

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) հայտնում են, որ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման դեմ պայքարի ոլորտում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2020 թվականի ապրիլի 13-ին մեղադրանք է առաջադրել Հայ Առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին:

«Ստացված փաստական տվյալների համաձայն, վերջինս, 2010 թվականի ամռանն իր հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող անձի հետ նախնական համաձայնությամբ, խարդախությամբ՝ իբրև Աֆրիկայի մայրցամաքում իրեն պատկանող ադամանդի հանքավայրերում 12.000.000 ԱՄՆ դոլար գումարի չափով ներդրում կատարելու դեպքում արտադրողականությունը բարձրացնելու, արդյունահանված ադամանդի հումքը Հայաստանի Հանրապետությունում վերամշակելու և վաճառքի հանելու մտածածին պատրվակով, շահագրգռել է ՀՀ ձեռնարկատերերից մեկին հիշյալ ներդրումը կատարելու հարցում, այնուհետև ձեռք են բերել վերջինիս ու նրա մերձավորներին պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 11.442.068.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ, մի շարք անշարժ գույքերի նկատմամբ իրավունք, դրանց գրավադրմամբ ՀՀ առևտրային բանկից 2010 թվականի հունիսի 28-ից մինչև 2011 թվականի հունիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ստացել և անարգել տնօրինել են 3.664.175.000 ՀՀ դրամին համարժեք 9 միլիոն ԱՄՆ դոլար և 361.500.000 ՀՀ դրամ գումարի չափով վարկային միջոցներ, մի շարք բանկային և առևտրային գործարքներով, փոխանցումներով, փոխարկումներով թաքցնելով և խեղաթյուրելով դրանց ծագման աղբյուրը, տեղաշարժն ու պատկանելիությունը: Հանցավոր եղանակով ստացված եկամուտներն օրինականացնելու համար օգտագործվել է հանցավոր խմբի անդամների կողմից նախապես՝ 2010թ. գարնանը, օֆշորային գոտում հիմնադրված ընկերությունը, որի 33 տոկոս բաժնեմասը պատկանել է եկեղեցու հիշյալ սպասավորին:

Վերը նշված հանցագործությունները բացահայտվելուց հետո, 2013 թվականի ընթացքում նշված հոգևորականը, օգնելու խոստումներ տալով, համոզել է հետախուզման մեջ գտնվող հանցակցին ստանձնել ամբողջ պատասխանատվությունը և հանցագործությանն իր մասնակից լինելու ապացույցները կեղծելուն կամ ոչնչացնելուն ուղղված գործողություններ ձեռնարկել:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը»,-մանրամասնում են ԱԱԾ-ից՝ հավելելով, որ նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցագործության կատարմանը ներգրավված բոլոր անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու, պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:

Հայ Առաքելական Եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին ԱԱԾ կողմից առաջադրված մեղադրանքին արձագանքնել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը՝ ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրելով.

«2020 թվականի ապրիլի 15-ին ԱԱԾ-ի և վերջինիս հղված տեղեկատվական աղբյուրներից ինչպես ողջ հանրությունը, այնպես և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տեղյակ դարձավ, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում 2020 թվականի ապրիլի 13-ին մեղադրանք է առաջադրվել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին:

Կոչ ենք ուղղում հանրությանը, այդ թվում՝ պաշտոնատար անձանց և լրատավամիջոցներին, հարգել անձի` օրենսդրությամբ երաշխավորված անմեղության կանխավարկածը և ձեռնպահ մնալ անհարկի, շտապողական մեկնաբանություններից ու անհիմն գնահատականներից:

Տարակուսելի է, որ հիշյալ քրեական գործով Տ. Նավասարդ արք. Կճոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին հրապարակայնացումը ուղղակիորեն հաջորդում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից կորոնավիրուսի համավարակի պայմաններում խոցելի խմբում գտնվող կալանավորների, այդ թվում և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դիրքորոշման հանրայնացմանը:

Թեև սույն պարագան առաջացնում է որոշակի մտահոգություններ, այսուհանդերձ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցանկանում է հուսալ և հետամուտ է լինելու, որ քրեական գործով իրականացվի անաչառ, լրիվ ու բազմակողմանի քննություն»:

Միաժամանակ նշվում է, որ Նավասարդ արք. Կճոյանի իրավական պաշտպանությունն իրականացվում է փաստաբանների կողմից, որոնք գործի առնչությամբ, ըստ անհրաժեշտության, կներկայացնեն համապատասխան պարզաբանումներ:

Лента

Рекомендуем посмотреть