Ադրբեջանում երբևէ ժողովրդավարական գործընթացի արդյունքում իշխանություն չի փոխվել, ուստի Արցախի ընտրությունները պետք է նյարդային արձագանք առաջացներ. ԱԳՆ խոսնակ - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանում երբևէ ժողովրդավարական գործընթացի արդյունքում իշխանություն չի փոխվել, ուստի Արցախի ընտրությունները պետք է նյարդային արձագանք առաջացներ. ԱԳՆ խոսնակ

2020-04-17 14:28 , Политика, 921

Ադրբեջանում երբևէ ժողովրդավարական գործընթացի արդյունքում իշխանություն չի փոխվել, ուստի Արցախի ընտրությունները պետք է  նյարդային արձագանք առաջացներ. ԱԳՆ խոսնակ

«Ադրբեջանի բարձրագույն իշխանություններն Արցախի ընտրությունների համատեքստում կոշտ գնահատականներ են հնչեցրել մարդու իրավունքների եվրոպական կառույցների հասցեին: Սա, իհարկե, պատահական չէ, քանի որ մարդու իրավունքների եվրոպական կառույցների կողմից այս տարի փետրվարին Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ գնահատականը փաստեց այդ ընտրությունների խիստ ցածր լեգիտիմությունը:

Ակնհայտ է, որ այն երկրում, որտեղ երբևէ ժողովրդավարական գործընթացի արդյունքում իշխանություն չի փոխվել, Արցախում մրցակցային և ժողովրդավարական ընտրությունների արդյունքում նոր իշխանությունների ձևավորումը պետք է առաջացներ նյարդային արձագանք»,-այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամլո խոսնակ Աննա Բաղդալյանը՝ մեկնաբանելով Արցախում նոր նախագահի և խորհրդարանի ընտրության առնչությամբ Ադրբեջանի բացասական արձագանքը:

ԱԳՆ խոսնակը միաժամանակ նկատել է, որ Ադրբեջանը փորձում է Արցախում մարդու իրավունքների դեմ ուղղված իր արշավին մասնակից դարձնել միջազգային հանրությանը ու այդ նպատակով Ադրբեջանը չի խորշում ընտրությունների վերաբերյալ միջազգային տարբեր արձագանքների խիստ ընտրովի ներկայացումից և ուղղակի խեղաթյուրումից:

«Ադրբեջանը փորձում է չնկատելու տալ այդ նույն արձագանքների առանցքային ուղերձները, որոնք վերաբերում են իր ապագան որոշելու հարցում Արցախի բնակչության դերակատարմանը և Արցախում հանրային կյանքի կառավարման տեսակետից ընտրությունների անհրաժեշտությանը: Մինչդեռ, այս ուղերձները խիստ էական են խաղաղ կարգավորման առաջմղման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար:

Մեր տարածաշրջանում ժողովրդի քվեն ստացած, նրա կամքն արտահայտող և հենց այդ ժողովրդին հաշվետու իշխանությունների ձևավորումը խիստ կարևոր է հակամարտության վերափոխման և ժողովուրդների հաշտեցման համար: Արցախի ժողովուրդը մարտի 31-ին և ապրիլի 14-ին այս ուղղությամբ կատարեց հերթական կարևոր քայլը»,-ասված է Աննա Նաղդալյանի հայտարարության տեքստում:

Հիշեցնենք՝ մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով խորհրդարանի 33 մանդատը բաշխվել է «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի` տասնվեց մանդատ, «Միասնական հայրենիք» կուսակցության` ինը մանդատ, Արցախի «Արդարություն» կուսակցության` երեք մանդատ, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության` երեք մանդատ, Արցախի Ժողովրդավարական Կուսակցության` երկու մանդատ, միջև:

Իսկ ապրիլի 14-ին կայացած նախագահական ընտրության երկրորդ փուլի արդյունքներով Արցախի չորրորդ նախագահ է ընտրվել նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Лента

Рекомендуем посмотреть