Գյումրիում ոստիկաններին դանակահարելու համար կալանավորվել է Շիրակի մարզի բնակիչը - RadioVan.fm

Онлайн

Գյումրիում ոստիկաններին դանակահարելու համար կալանավորվել է Շիրակի մարզի բնակիչը

2020-04-17 17:43 , Право, 1178

Գյումրիում ոստիկաններին դանակահարելու համար կալանավորվել է Շիրակի մարզի բնակիչը

Գյումրիում օրեր առաջ երկու ոստիկանի դանակահարման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզի բնակչին, նա կալանավորվել է:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, Գյումրի քաղաքի «Հայուհու» հրապարակում ծառայություն իրականացնող երկու ոստիկան՝ կտրած-ծակած վերքերով, տեղափոխվել էին «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲԸ:

«Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում, Շիրակի մարզի բնակիչները՝ երկու եղբայր, «Միտսուբիշի» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Գ. Նժդեհ փողոցից երթևեկելով, մուտք են գործել «Հայուհու» հրապարակ, որտեղ վարորդի և ուղևորի անվտանգության գոտիներն ամրակապված չլինելու հանգամանքով պայմանավորված, իրավախախտումն արձանագրելու նպատակով, հիշյալ ավտոմեքենան ոստիկանի կողմից կանգնեցվել է: Ոստիկաններն օրենքով սահմանված կարգով վարորդին պարզաբանել են, որ նա երթևեկել է առանց ամրագոտիներն ամրակապելու՝ պահանջելով ներկայացնել վարորդական իրավունքի վկայականը, ավտոմեքենայի հաշվառման վկայագիրը: Սակայն նշված ավտոմեքենայի ուղևորն սկսել է հայհոյել ոստիկաններին, դուրս է եկել ավտոմեքենայից, ձեռքին եղած դանակով հարվածներ հասցրել ոստիկանության երկու ծառայողներին և սկսել դանակը թափահարել ներկա մյուս ոստիկանների ուղղությամբ, որից հետո վարորդի հետ փորձել են փախուստի դիմել, սակայն բերման են ենթարկվել Ոստիկանության բաժին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նշված ավտոմեքենայի ուղևորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասով նախատեսված արարք առերևույթ կատարելու համար: Վերջինս կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է»,-նշված է ՀՀ քննչական կոմիտեի այսօր տարածած հաղորդագրությունում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Лента

Рекомендуем посмотреть