Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է, որ մի խումբ անձինք իրացրել են Արմեն Ջիգարխանյանին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն՝
«Նախնական քննության տվյալներով՝ մի խումբ անձինք, չարաշահելով քաղաքացիների վստահությունը, իրացրել են Արմեն Ջիգարխանյանին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր, որը, իբր, պետք է տեղի ունենար Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում՝ հոկտեմբերի 9-ին։ Մինչդեռ թատրոնում նման երեկո ընդհանրապես նախատեսված չի եղել: Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ քաղաքացիներին իրացվել են չնախատեսված միջոցառման տոմսեր»:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Նշված գործողությունների հետևանքով տուժած և կեղծ տոմսեր գնած քաղաքացիներին Քննչական կոմիտեն խնդրում է դիմել Արաբկիրի քննչական բաժին:
Հիշեցնենք՝ նախօրեին Քննչական կոմիտեն հաղորդել էր Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված երեկոյի կեղծ տոմսերի իրացման փաստի մասին, որին վերաբերող քրեական գործը նույնպես քննվում է Արաբկիրի քննչական բաժնում: