Երեւանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությանը և հասարակական կարգի պահպանության ծառայությանը հանձնարարել է վարչական շրջանների համապատասխան կառույցների հետ համատեղ խիստ հսկողություն սահմանել և արգելել պոլիէթիլենային ծածկերի միջոցով սահմանազատված օբյեկտների և տաղավարների գործունեությունը:
«Անձրևային եղանակով պայմանավորված՝ բացօթյա սրճարանների սպասարկման գործունեությամբ զբաղվող որոշ տնտեսվարողներ փորձում են պոլիէթիլենային ծածկերով սահմանազատել իրենց տարածքները: Խստորեն հետեւեք պայմանագրային պարտավորությունների կատարմանն ու կանխեք նման երևույթները. բացօթյա սրճարանների սեփականատերերը իրավունք չունեն աղավաղելու քաղաքի արտաքին տեսքը: Որևէ բացառություն չպետք է լինի այս հարցում», — ընդգծել է Տարոն Մարգարյանը: