Կորոնավիրուսի տնտեսական հետևանքներին հակազդելու համար պետբյուջեում 150 միլիարդ դրամի վերաբաշխումներ կարվեն - RadioVan.fm

Онлайн

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքներին հակազդելու համար պետբյուջեում 150 միլիարդ դրամի վերաբաշխումներ կարվեն

2020-04-28 14:36 , Экономика, финансы, 256

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքներին հակազդելու համար պետբյուջեում 150 միլիարդ դրամի վերաբաշխումներ կարվեն

Կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել: Օրակարգային հարցերից մեկով քննարկվում է «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Նպատակը՝ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագրի իրականացումն ապահովելու համար բյուջեում շուրջ 150 միլիարդ դրամի վերաբաշխումներ անելն է:

«Տնտեսական անկման պայմաններում, գնահատվել է, որ 2020թ.-ին հարկային եկամուտները պետական բյուջեի սցենարի համեմատ կնվազեն մոտ 169.1 մլրդ դրամով: Արդյունքում, անփոփոխ պահելով ծախսերի մակարդակը և ներառելով 150 մլրդ դրամ տնտեսության օժանդակության փաթեթները, պետական բյուջեի պակասուրդը կաճի` հասնելով ՀՆԱ-ում 5.0%-ի, իսկ պետական բյուջեի լրացուցիչ ֆինանսավորման կարիքը կկազմի շուրջ 260 մլրդ դրամ:

Նախագծով առաջարկվում է թույլատրել ՀՀ կառավարությանը 2019 թվականի դեկտեմբերին Չինաստանում բռնկված և կարճ ժամանակահատվածում տարբեր երկրներում տարածված և 2020 թվականի մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից որպես պանդեմիա ճանաչված Կորոնավիրուսային վարակի (2019n-CoV) դեմ պայքարի, հիվանդության հետևանքների (այդ թվում նաև` տնտեսական) չեզոքացման և վերացման նպատակով փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում` ապահովելով հիվանդության դեմ պայքարի համար անհրաժեշտ գործիքակազմով»,-ասված է նախագծում:

Միաժամանակ նշվում է, որ Ծրագրով ՀՀ կառավարությունը նախատեսել է 150 մլրդ դրամ սոցիալ տնտեսական աջակցության փաթեթ հետևյալ հիմնական ուղղություններով`

-25 մլրդ դրամ` ձեռնարկություններին աջակցության ծրագրեր, որոնք ուղղված են ընթացիկ իրացվելիության խնդիրների լուծմանը,

-25 մլրդ դրամ` սոցիալական աջակցության ծրագրեր,

-80 մլրդ դրամ` տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրեր,

-20 մլրդ դրամ` պահուստային միջոցներ անհրաժեշտ վերաբաշխումներ իրականացնելու համար:

Ազգային ժողովում հարցի քննարկմանը հետևեք ուղիղ եթերում:

Лента

Рекомендуем посмотреть