«Վեոն»-ը դադարեցնում է «Յուքոմ»-ի հետ առուվաճառքի քննարկումները - RadioVan.fm

Онлайн

«Վեոն»-ը դադարեցնում է «Յուքոմ»-ի հետ առուվաճառքի քննարկումները

2020-05-06 19:39 , Экономика, финансы, 1462

«Վեոն»-ը դադարեցնում է «Յուքոմ»-ի հետ առուվաճառքի քննարկումները

«Բիլայն» (Beeline Armenia) ապրանքանիշի ներքո գործող «Վեոն Արմենիա»-ն, որը պատկանում է աշխարհի հեռահաղորդակցության խոշորագույն օպերատորներից մեկին՝ «Վեոն» ընկերությունների խմբին (գլխամասային գրասենյակը Ամստերդամում է), դադարեցնում է «Յուքոմը» (Ucom) ընկերության հետ առուվաճառքի շուրջ քննարկումները:

Այդ մասին պաշտոնական հաղորդագրությամբ հայտնում է VEON-ը՝ նշելով, որ հնարավոր գործարքի շուրջ քննարկումները բացահայտվել էին այս տարվա հունվարի 15-ին:

Այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում:

Տարեսկզբին, հիշեցնենք, հայտնի դարձավ, որ «Յուքոմ» հեռահաղորդակցական ընկերությունը պատրաստվում է գնել «Վեոն Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը: Երկուստեք հաստատել էին լուրը, իսկ այդ հարցով «Յուքոմ»-ը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող ու Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովներին:

Սակայն «Յուքոմ»-ի ղեկավարների և բաժնետերերի միջև ծագած հակասաությունների հետևանքով մոտ մեկ ամիս առաջ «Յուքոմ» ընկերության հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները, ովքեր մոտ 6 տոկոսի բաժնետերեր էին, հայտնեցին ընկերությունից հեռանալու մասին, նրանց հետևեցին բազմաթիվ աշխատակիցներ:

«Յուքոմ» ընկերության տնօրեն նշանակվեց Արա Սերգեյի Խաչատրյանը։ Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը՝ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդին, ապրիլի 28-ին հայտարարեց, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի (այդ թվում՝ հանդիպումների ժամանակ) պահանջ է դրվել իր առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել «Յուքոմ»-ը, ինչին արձագանքեց վարչապետի մամուլի քարտուղարը, այնուհետ՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը՝ ծավալելով հեռակա բանավեճ:

Մայիսի 4-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) տարածած հաղորդագրությամբ հայտնեց, որ հետախուզում է հայտարարվել «Յուքոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ, որը Խաչատրյանների ընտանիքին վերաբերող քրեական գործի շրջանակում մեղադրվում է առանձնապես խոշոր չափով փողերի լվացման և կաշառք ստանալուն օժանդակելու մեջ: Մայիսի 3-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր 2 ամսով Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու՝ ԱԱԾ միջնորդությունը:

Лента

Рекомендуем посмотреть