Կարգավորման առաջընթացի համար ամենաբարձր մակարդակով երկխոսությունն անհրաժեշտ է. համանախագահներ - RadioVan.fm

Онлайн

Կարգավորման առաջընթացի համար ամենաբարձր մակարդակով երկխոսությունն անհրաժեշտ է. համանախագահներ

2016-10-26 18:55 , Политика, 852

Կարգավորման առաջընթացի համար ամենաբարձր մակարդակով երկխոսությունն անհրաժեշտ է. համանախագահներ

Հոկտեմբերի 23-25-ը տարածաշրջան կատարած այցից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր հանդես են եկել հայտարարությամբ՝ հստակեցնելով՝ այցի նպատակն էր քննարկել իրավիճակը ապրիլյան աննախադեպ բռնությունից հետո և հստակեցնել դիրքորոշումները բանակցային գործընթացի վերաբերյալ: Համանախագահներ Ջեյմս Ուորլիքը, Իգոր Պոպովը և Պիեռ Անդրիոն հրապարակած հայտարարությունում նշելով, որ հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտգործնախարարների, Հայաստանի պաշտպանության նորանշանակ նախարարի և «Լեռնային Ղարաբաղում դե ֆակտո իշխանությունների» հետ, հաղորդում են, որ հանդիպումների ընթացքում կողմերը հաստատել են՝ տեղում իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է մնում: Միջնորդներն հրադադարը հարգելը շարունակվող բանակցությունների հիմնաքարն են համարում եւ շեշտում Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ընդունված որոշումների լիակատար իրականացման կարևորությունը:

«Համանախագահները քննարկել են նաև ըստ էության բանակցությունները դեպի երկարատև խաղաղություն առաջ մղելու ներկայիս աշխատանքային առաջարկությունները: Նախագահներից յուրաքանչյուրը իր տեսակետներն արտահայտեց, թե ինչպես առաջ մղել կարգավորման գործընթացը: Նախագահները նաև վերահաստատեցին իրենց համաձայնությունը ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը», — հաղորդում են միջնորդները՝ հավելելով, որ «օպերացիոն մանրամասների քննարկումը դեռ շարունակվում է»:

Համանախագահները հայտնում են, որ նախատեսում են հանդիպել արտգործնախարարներին, այդ թվում՝ դեկտեմբերին Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի հանդիպման շրջանակում, քննարկելու հնարավորինս շուտ նախագահների հանդիպում կազմակերպելու հարցը: «Ամենաբարձր մակարդակով նման երկխոսությունը անհրաժեշտ է կարգավորման ուղղությամբ առաջ ընթանալու համար», — ասված է հայտարարությունում:

Միջնորդները հայտնում են նաեւ, որ տարածաշրջանում հանդիպել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու այն աշխատանքը, որ ձեռնարկել է կազմակերպությունը անհետ կորածների վերաբերյալ տվյալների փոխանակման ուղղությամբ՝ «մարդասիրական միջոցառում, որին համանախագահները լիովին աջակցում են բոլոր մակարդակների պաշտոնյաների հետ հանդիպումներում»:

Лента

Рекомендуем посмотреть