Առաջիկայում Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվա իրականացվելիք թռիչքները իրապես մատչելի են լինելու,-այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում վստահեցրել է կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: Հիշեցնենք, քաղավիացիայի երեկ տարածած հաղորդագրության համաձայն՝ ռուսական «Պոբեդա» ավիաընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016 թվականի նոյեմբեր ամսվա վերջից շաբաթական 3 անգամ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան, ինչպես նաև, հետադարձ ուղղությամբ թռիչքներ իրականացնել՝ ավիատոմսերի բավականին ցածր՝ 10 հազար դրամից սկսած սակագնով: Լուրը, նշենք, շատերը թերահավատորեն ընդունեցին: Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը լրագրողներին հաստատել է, որ, այո, այդ գնով տոմսեր ձեռք բերելն իրատեսական է, սակայն 10 հազար դրամ՝ մոտ 20 դոլար արժեցող տոմսերը սահամանափակ են լինելու: Նա տեղեկացնելով, որ չվերթների համար օգտագործվելու է շուրջ 180 տեղ ունեցող Բոինգ 737-800 տիպի ինքնաթիռ, այնուամենայնիվ, ժվարացել է ասել, թե կոնկրետ մեկ օդանավում քանի տոմս է նախատեսվում վաճառել նշված արժեքով: Այդուհանդերձ, բյուջետային ավիաընկերությունների, որպիսին «Պոբեդա»-ն է, աշխատանքի տրամաբանությունից ելնելով՝ Սերգեյ Ավետիսյանը նշել է, որ «իրենք վաճառում են տոմսերը սկսած ինչ-որ գումարից, մինչեւ ինչ-որ գումար, պարզապես, վերեւի շեմը այս դեպքում չի լինի բարձր, քանի որ Գյումրու Շիրակ օդանավակայանի մրցակցային առավելությունը լինելու է մատչելի տոմսերի առաջարկը»:
Արձագանքելով մարդկանց այն կասկածներին, թե հնարավոր չէ 10 հազար դրամով տոմս գնել, քանի որ միայն պետտուրքը՝ ժողովրդի լեզվով ասած օդի փողն է 10 հազար դրամ՝ քաղավիացիայի գլխավոր վարչության պետը նշել է, որ պետտուրքի պահանջը «Շիրակ» օդնավակայանում չի գործում, հետեւաբար, այդ 10 հազար դրամ «օդի փող» կոչվածը չկա: