Արմավիրում քնած երիտասարդին հրազենով սպանելու դեպքը բացահայտվել է, 45-ամյա տղամարդը ձերբակալվել է - RadioVan.fm

Онлайн

Արմավիրում քնած երիտասարդին հրազենով սպանելու դեպքը բացահայտվել է, 45-ամյա տղամարդը ձերբակալվել է

2020-05-12 18:15 , Право, 473

Արմավիրում  քնած երիտասարդին հրազենով սպանելու դեպքը բացահայտվել է, 45-ամյա տղամարդը ձերբակալվել է

Մայիսի լույս 10-ի գիշերը, ժամը 2.40-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնում ահազանգ ստացվել, որ Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի 3-րդ նրբանցքի իր տանը 30-ամյա տղամարդ է սպանվել։

Ոստիկանությունից հայտնում են, որ դիակի զննությամբ հրազենային վնասվածք է հայտնաբերվել, ննջարանում՝ 16 մմ տրամաչափի պարկուճի պլաստմասսե խիծ։

«Պարզ դարձավ, որ լուսամուտով տուն մտած անձը հրազենով կրակել էր քնած երիտասարդի վրա, ապա դռնով փախել։ Կրակոցի ձայնից արթնացած տնեցիները ահազանգել էին ոստիկանություն ու շտապօգնություն։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Արմավիրի բաժնի քրեական հետախույզներն առանձնապես ծանր հանցագործության բացահայտման ուղղությամբ միջոցառումներ էին ձեռնարկում, երբ լուսադեմին ոստիկանության Վաղարշապատի բաժնում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց. Պարանոցի և կրծքավանդակի ծակած-կտրած վնասվածքներով հոսպիտալացվել էր Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում բնակվող 42-ամյա մի տղամարդ։ Մարզի իրավապահները համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վարկած առաջ քաշեցին, որ քնած երիտասարդին սպանած ու հիվանդանոց տեղափոխված տղամարդուն դանակահարել է նույն անձը։ Արմավիրի բաժնի քրեական հետախույզները շուտով պարզեցին ոչ միայն կասկածվողի ինքնությունը, այլև դեպքերի մի շարք հանգամանքներ։ Տղամարդուն սպանելուց հետո կասկածվողը, նախնական տվյալներով՝ հեծանիվով վերադարձել էր Էջմիածին, որտեղ և ապրում է։ Ճանապարհին Գեղակերտ գյուղում մտել էր բնակիչներից մեկի հողամասը։ 42-ամյա տերը տեսել էր նրան ու կարծել էր, որ գողություն է անում։ Վեճ էր սկսվել, որի ընթացքում կասկածվողը դանակով մի քանի անգամ հարվածել էր այդ տղամարդուն ու հեռացել։

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Արմավիրի և Վաղարշապատի բաժինների ծառայողները, համատեղ միջոցառմամբ, մայիսի 11-ին Էջմիածնում հայտնաբերեցին կասկածվողին ու բերման ենթարկեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Էջմիածնի բնակիչ, 45-ամյա տղամարդը ոստիկանությունից ներկայացվեց նախաքննական մարմնին ու ձերբակալվեց։ Հետագա միջոցառումներով ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները հայտնաբերեցին հանցագործության գործիքներ հանդիսացող ինքնաշեն հրացանն ու դանակը և առգրավեցին»,-մանրամասնում են ՀՀ ոստիկանությունից՝ նշելով, որ կատարված սպանության ու դանակի գործադրմամբ կատարված սպանության փորձի փաստերով հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ են ձեռնարկվում հանցագործությունների շարժառիթը պարզելու ուղղությամբ։

Лента

Рекомендуем посмотреть