Արցախի դիրքերից մեկում հոկտեմբերի 26-ին հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում զոհված 20-ամյա Գուրգեն Այվազյանի ծնողները Ռուսաստանի Դաշնությունից այսօր Հայաստան են եկել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գանձակի գյուղապետ Վանիկ Հարությունյանը: Նա նշեց, որ Գուրգենի հոգեհանգիստն այսօր տեղի կունենա, իսկ հուղարկավորությունը` վաղը:
«Ծնողները, եղբայրն ու քույրն արդեն այստեղ են, տեղյակ են ամեն ինչից: Որոշվել է, որ այսօր կլինի հոգեհանգիստը, իսկ վաղը հուղարկավորությունը »,-ասաց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գուրգենի ծնողները, քույրն ու եղբայրը Ռուսաստանի Դանշությունում՝ արտագնա աշխատանքի էին: Գուրգենը Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչ էր: Նա ընտանիքի փոքր երեխան էր, ունի իրենից մեծ քույր եւ եղբայր:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Գուրգեն Այվազյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում` ժամը 17:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Գուրգեն Ավետիքի Այվազյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: