Ադրբեջանական կողմը ոչ միայն շարունակում է լարել իրավիճակն առաջնագծում՝ պարբերաբար խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը և դիմելով դիվերսիոն հետախուզական փորձերի, այլև սադրանքների է դիմում տեղեկատվական դաշտում: Այս մասին հայտարարում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը՝ արձագանքելով Ադրբեջանի ռազմական գերատեսչության այսօր տարածած հաղորդագրությանը՝ ըստ որի, իբր, երեկ գիշեր հայկական կողմը խախտել է հրադադարը կիրառելով 60 միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 տիպի նռնականետեր ու խոշոր տրամաչափի գնդացիրներ: Արցախի ռազմական գերատեսչությունը հերքում է այն՝ տեղեկատվությունը համարելով հակառակորդ կողմի հերթական քարոզչական հնարք:
«ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս: Նման ապատեղեկատվություն տարածելով ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում հետագա սադրանքների համար»,-ասված է ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում: