Երեկ ժամը 11:20-ի սահմաններում շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է ենթափողային նռնականետ (ԵՆ-25 /4 արկ/), իսկ նոյեմբերի լույս 3-ի գիշերը ժամը 2:15-ի սահմաններում` 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ): Հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում Պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել: Այս մասին հաղորդում է ԼՂՀ ՊՆ-ը՝ հերքելով ադրբեջանական ԶԼՄ-ներում և սոցցանցերում տարածված տեղեկությունն այն մասին, թե, իբր, հայերի ականանետերից արձակված արկերն ընկել են Աղդամի շրջանի Չեմենլի և այլ բնակավայրեր: «Նշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Ավելին, նմանաբովանդակ հաղորդագրությունների տարածմամբ հակառակորդ երկիրը փորձում է իրեն ապահովագրել հերթական սադրանքներից», -հայտարարում է Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը՝ շեշտելով, որ Պաշտպանության բանակի առաջահ ուժերը խստորեն հետևում են ստանձնած պարտավորություններին և երբեք չեն թիրախավորում խաղաղ բնակավայրերը:
Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 30 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 370 կրակոց:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, ասված է ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության այսօր տարածած հաղորդագրությունում: