Վրաստանի հակահամաճարակային համակարգի վատ լինելու վերաբերյալ Արսեն Թորոսյանի հայտարարությունը Գամկրելիձեն որակել է «ոչ դիվանագիտական» - RadioVan.fm

Онлайн

Վրաստանի հակահամաճարակային համակարգի վատ լինելու վերաբերյալ Արսեն Թորոսյանի հայտարարությունը Գամկրելիձեն որակել է «ոչ դիվանագիտական»

2020-05-23 16:09 , Политика, 1352

Վրաստանի հակահամաճարակային համակարգի վատ լինելու վերաբերյալ Արսեն Թորոսյանի հայտարարությունը Գամկրելիձեն որակել է «ոչ դիվանագիտական»

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախօրեին արած հայտարարությունը որակել է ոչ դիվանագիտական։

Հիշեցնենք, երեկ Հանրային խորհրդի (ՀԽ) անդամների հետ կորոնավիրուսային հիվանդության համավարակի շուրջ հեռավար քննարկմանը պատասխանելով ՀԽ-ի նախագահ Ստյոպա Սաֆարյանի հարցին, թե «Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի և Վրաստանի տարբերությունը, որովհետև Վրաստանում, կարծես թե, թվերի նվազում կա։ Արդյո՞ք Վրաստանում ընդհանրապես տարբերվել է մեթոդաբանությունը կորոնավիրուսային վարակակիրների հաշվառման և արդյո՞ք իսկապես Վրաստանին հաջողվել է կոտրել վարակի տարածման տեմպը»՝ Արսեն Թորոսյանը պատասխանել էր.

«Չեմ ժխտում, որ Վրաստանում սահմանափակող միջոցառումներն ավելի լավ, խիստ ու ուժեղ են իրականացվել, այդ թվում՝ մինչ օրս։ Կա նաև մեթոդաբանության տարբերություն. նախ Վրաստանի առողջապահական համակարգը և, հատկապես, հակահամաճարակային համակարգը, էականորեն տարբերվում է մեր հակահամաճարակային համակարգից՝ ոչ լավ իմաստով իրականում։ Մեր հակահամաճարակային համակարգը շատ ավելի ուժեղ է, քան մեր հարևան Վրաստանինը, և ես դա չեմ ասում, որպես հպարտանալու մի բան, այլ պարզապես փաստ եմ արձանագրում՝ մասնագիտական մակարդակի, ոչ քաղաքական։ Ես հուսով եմ, որ մեր հարևանները բոլորն էլ կկարողանան իրենց համակարգերն ուժեղացնել և մենք բոլորս պաշտպանված կլինենք: Երկրորդ, այո, կա մեթեդաբանության տարբերություն՝ այդ թվում այն քաղաքացիների, որոնք թեստավորվում են ընդհանրապես: Կա նաև մեթոդաբանության տարբերություն այն թեստերի, որոնք նրանք հաշվարկում են որպես թեստ, ես 100 տոկոս ինֆորմացիա չունեմ և դա չեմ համարում մեր առաջնային նպատակը, բայց, հնարավոր է, որ Վրաստանի արած 40 000 թեստերի մի մասը արագ թեստեր լինեն, որոնցից մենք չենք օգտվում, քանի որ դրանք հավաստի և վստահելի չեն»:

Գամկրելիձեն, ահա, «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում ասել է, որ այդ հայտարարություններն իրեն զարմացրել են՝ չբացառելով, որ նախարարի խոսքը լրատվամիջոցներն են սխալ ներկայացրել։

«Անձամբ գիտեմ Արսեն Թորոսյանին։ Զարմանում եմ, որ նման հայտարարություն է արվել։ Հիշեցնեմ, որ մենք շատ մտերիմ ժողովուրդներ ենք, հարևաններ, ունենք ընդհանուր մեծ պատմություն։ Զարմանալի է նրանից լսել նման ոչ դիվանագիտական հայտարարություններ»,-հայտարարել է Վրաստանի գլխավոր համաճարակաբանը:

Անդրադառնալով Թորոսյանի մեկ այլ հայտարարությանը, թե Վրաստանից եկած բեռնատարների վարորդների մոտ կորոնովիրուսի դեպքեր են հայտնաբերվել՝ Գամկրելիձեն հիշեցրել է, որ այդ դեպքերի համար գոյություն ունի առողջապահական կանոնների պահպանման վերաբերյալ աշխատակարգ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրների միջև, որպիսին հանդիսանում են Հայաստանը և Վրաստանը:

Ըստ այդմ, ինչպես մանրամասնել է Գամկրելիձեն, եթե Վրաստանում օտարերկրացու մոտ վիրուս է հայնտաբերվում, ապա այդ մասին տեղեկացվում է ինչպես Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), այնպես էլ այն երկրին, որի քաղաքացի է համարվում տվյալ անձը:

«Հետևաբար, եթե նման դեպքեր են եղել՝ պարոն Արսենը պետք է տեղյակ պահեր և´ ԱՀԿ-ին և´ մեզ»,-նշել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավարը:

Իսկ թեստերի մասին Թորոսյանի հայտարարության առնչությամբ՝ Գամկրելիձեն հստակեցրել է.

«Ոչ, պարոն Արսեն։ Այն 46 կամ 47 հազար թեստերը, ես այսօրվա տվյալները հստակ չեմ հիշում, որ արել ենք մեր երկրում, բոլորը Պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով (ՊՇՌ) թեստեր են։ Դրանցում մենք չենք ներառել մի քանի հազար արագ թեստերը, որոնք օգտագործվում են բժշկական հաստատություններում»:

Նշենք՝ Հայաստանում այսօրվա դրությամբ կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը 6302 է, առողջացածներինը՝ 2936, 77 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր առմամբ, կատարվել է 49080 թեստ:

Իսկ հարևան երկիր Վրաստանում, ըստ worldometers միջազգային պորտալի, COVID-19 վարակակիրների թիվը 728 է, որից ապաքինվել է 509-ը, մահվան 12 դեպք է արձանագրվել:Այդ երկրում, ընդհանուր առմամբ, 45 707 թեստ է արվել:

Իսկ թե ինչպես է Վրաստանին հաջողվել համաճարակաբանական իրավիճակը կառավարելի դարձնել՝ երկրի գլխավոր համաճարակաբան, Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն օրեր առաջ պատմել է «Ռադիո Վանի»-ին՝ «Մեծ հարցազրույց» հաղորդման շրջանակում:

Лента

Рекомендуем посмотреть