«Ինչու՞ «հարցերի լուծումը» հարց չի լուծելու». Փաշինյանը գյուղացիների հետ հանդիպումից տխուր հետևություն է արել - RadioVan.fm

Онлайн

«Ինչու՞ «հարցերի լուծումը» հարց չի լուծելու». Փաշինյանը գյուղացիների հետ հանդիպումից տխուր հետևություն է արել  

2020-05-23 17:53 , Политика, 1214

«Ինչու՞ «հարցերի լուծումը» հարց չի լուծելու». Փաշինյանը գյուղացիների հետ հանդիպումից տխուր հետևություն է արել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին ծանոթանալու համար Արարատի մարզի մի քանի համայնքներ այցից հետո՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում կիսվել է տպավորություններով:

Նշել է՝ գյուղացիների բարձրացած որոշ հարցերով կզբաղվեն, բայց մտածում է, որ դրա արդյունքում հարց չի լուծվելու: Իսկ թե ինչու՝ վարչապետը հստակեցրել է.

«Որովհետև մի տարի բերքը ավելի շատ է լինելու, քան պետք է, դրա հետևանքով բերքի գինը այնքան է ընկելու, որ գյուղացին եկամուտ չի ունենալու, մի տարի բերքը քիչ է լինելու, այնքան քիչ, որ գյուղացին եկամուտ չի ունենալու, մի տարի կարկուտ է տեղալու, մի տարի ցրտահարություն է լինելու, մի տարի անձրևը շատ է լինելու, մի տարի քիչ: Բոլորը հավասարազոր խնդիրներ են։ Հարցը հետևյալն է, թե ո՞րն է այս խնդրի լուծումը։ Ես մնում եմ իմ տեսակետին, որ լուծումը մտածողության փոփոխության մեջ է»:

«Ոռոգման մասով՝ էն ջուրը, որ օգտագործվում է այս դաշտերում, այդ ջրով կարելի է տասն անգամ ավելի շատ հող մշակել, տասն անգամ ավելի շատ բերք ստանալ: Հողի մշակման կուլտուրան մեր երկրում պետք է փոխվի, որովհետև այս մշակմամբ հնարավոր չի էնպես անել, որ դա գյուղացուն հարստացնի: Խնդիրը ջրի մեջ չէ, խնդիրը մտածողության մեջ է, աշխատանքը կազմակերպելու կուլտուրայի մեջ է,-նշել է վարչապետը՝ նկատելով,- ժամանակակից ֆերմերը ոչ թե մտածում է, թե ինչքան բերք կլինի, այլ պլանավորում է, թե ինչքան բերք է պետք, որովհետև բերքի ծավալը կառավարվող է։ Ժամանակակից աշխարհում ինտենսիվ այգիներում բերքը կախված չի եղանակից կամ այլ գործոններից, այլ կախված է պլանավորումից»:

«Շատ տխուր հետևության եմ գալիս։ Պարզ է՝ ոռոգման ջրի խնդիր կա՝ հընթացս կլուծենք, բայց գլխավոր հարցը չի լուծվելու, դրանից գյուղացին բարեկեցիկ չի դառնալու: Մինչև գյուղացին այն պայմաններում չախատի, որ կոկիկ հագնվի և գնա իր այգին մշակելու՝ հարցը չի լուծվելու, պետք է անցնել գյուղատնտեսական ժամանակակից տեխնոլոգիաների»,-ասել է վարչապետը՝ մասնավորեցնելով, որ խոսքը ինտենսիվ, բիզնես մոդելի և հողատարածքների խոշորացման վրա հիմնված գյուղատնտեսության մասին է, որն էլ պետք է լինի մեր ռազմավարությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզ էր մեկնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ:

Ազատավան, Վերին Դվին, Քաղցրաշեն և Նարեկ համայնքներ այցի մանրամասները՝ տեսանյութերում:

Лента

Рекомендуем посмотреть