Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները կներկայանան «Ուրբաթօրյա Ֆիլհարմոնիկ» առցանց համերգաշարով - RadioVan.fm

Онлайн

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները կներկայանան «Ուրբաթօրյա Ֆիլհարմոնիկ» առցանց համերգաշարով

2020-05-28 20:23 , Культура, Шоу бизнес, 1547

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները կներկայանան «Ուրբաթօրյա Ֆիլհարմոնիկ» առցանց համերգաշարով

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները, մայիսի 29-ից սկսած, կներկայանան «Ուրբաթօրյա Ֆիլհարմոնիկ» առցանց համերգաշարով:

Երաժիշտները երեքից ութ հոգանոց կամերային անսամբլներով կներկայացնեն դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ, հակիրճ կպատմեն հնչող գործերի, կոմպոզիտորների մասին, կլինեն հետաքրքիր հյուրեր և յուրահատուկ անակնկալներ:

Ինչպես Արմենպրես-ին հայտնեց նվագախմբի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Դալլաքյանը, «Ուրբաթօրյա Ֆիլհարմոնիկ» համերգաշարը կհեռարձակվի նվագախմբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: «Յուրաքանչյուր հեռարձակումից առաջ կլինեն մրցույթներ, որոնց երեք հաղթողները բացառիկ հնարավորություն կստանան Արամ Խաչատրյան համերգասրահում կենդանի հնչողությամբ վայելելու հաջորդ ուրբաթօրյա համերգը»,-շեշտեց Աստղիկը:

Նա տեղեկացեց, որ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հունիսի 1-ին Հանրային հեռուստաընկերության եթերով ուղիղ միացմամբ ՀԱՖՆ-ի երաժիշտները կներկայացնեն Սերգեյ Պրոկոֆևի «Պետյան և Գայլը» սիմֆոնիկ հեքիաթը: «Հեքիաթասացը սիրված դերասան Հրանտ Թոխատյանն է: Սիմֆոնիկ հեքիաթը փոխադրվել է փոքր կամերային կազմի համար: Այն կներկայացնեն ֆիլհարմոնիկի յոթ երաժիշտներ: Այժմ նվագախմբի «Ֆեյսբուք»-ի էջում կարող եք դիտել նաև հետաքրքիր մի ծրագիր, որը շատ սիրվեց մեր լսարանի կողմից: Այն կրում է «Մենամարտ արվեստում» խորագիրը: Տեսանյութի մասնակիցները քննարկում են երաժշտության և գրականության բախումներին, հակասություններին վերաբերող հարցեր»,-պատմեց Դալլաքյանը:

Նրա խոսքով՝ Մոցարտի «Ռեքվիեմ»-ի շուրջ «մենամարտել» են արձակագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը և ՀԱՖՆ ջութակահար Արամ Ասատրյանը, «մենամարտեր» են սպասվում ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի պրոֆեսոր Ալվարդ Ջիվանյանի և ՀԱՖՆ ջութակահար Արտաշես Մելիքյանի, բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ Գայանե Հակոբյաի և ՀԱՖՆ ֆլեյտահար Արման Աբրահամյանի ու գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի և ՀԱՖՆ ֆլեյտահար Նարեկ Ավագյանի միջիև:

Դալլաքյանը տեղեկացրեց, որ ՀԱՖՆ տնօրեն Ռուզաննա Սիրունյանի համոզմամբ՝ երաժիշտներին այլևս հնարավոր չէ անգործ վիճակում պահել: Սիրունյանը կարծում է, որ բոլորը ցանկանում են նվագել, աշխատել իրենց կոլեգաների հետ: Նա նշել է, որ ‹‹Ուրբաթօրյա Ֆիլհարմոնիկ›› ծրագիրի շրջանակում պահպանում են պարետատան սահմանած բորլոր կանոնները. ջերմաչափում է անցնում համերգասրահ մտնող յուրաքանչյուր անձ: Համերգասրահի մուտքի մոտ առկա են դիմակներ, ձեռնոցներ և ախտահանող նյութեր: Տարածքը պարբերաբար ախտահանվում է, փորձերին ներկա երաժիշտների թիվը չի հասնում նույնիսկ թույլատրելի տաս անձը:

Իսկ ՀԱՖՆ գեղարվեստակ ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ամենամեծ մտահոգությունն այս օրերին նվագախմբի մարզավիճակն է: Նրան անհանգստացնում է այն փաստը, որ մոտ հարյուր անձից բաղկացած պրոֆեսիոնալ նվագախումբն առանց ամենօրյա լուրջ փորձերի կորցնում է կատարողական այն բարձր մակարդակը, որին հասել են տասնյակ տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Նա մեծ հույսեր ունի, որ մոտ ապագայում ՀԱՖՆ-ը թույլտվություն կստանա վերսկսել նվագախմբի գոնե քառասունից հիսուն հոգանոց փորձերը՝ պահպանելով բոլոր սանիտարահիգիենիկ կանոնները:

Лента

Рекомендуем посмотреть