Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի համաձայն՝ մանկապարտեզներում անհրաժեշտ և համապատասխան նորմատիվներով ջեռուցում չապահովելու համար աշխատանքից ազատվել են թիվ 28, 37 և 46 մանկապարտեզների տնօրենները:
Հանձնարարվել է նաև խիստ նկատողություն հայտարարել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետին և թիվ 40 մանկապարտեզի տնօրենին:
«Արդեն մի քանի տարի է` հստակ հայտարարում եմ, որ ջեռուցման սեզոնի մեկնարկ հասկացություն գոյություն չունի: Մեկնարկը տրվում է այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը կա, եթե անգամ դա լինի օգոստոս ամսին: Ըստ այդմ նաև համապատասխան լիազորություններ ենք տվել բոլոր կրթօջախների տնօրեններին, որ առաջին իսկ անհրաժեշտության դեպքում գործարկեն ջեռուցման համակարգերը: Եվ այս ամենից հետո ուղղակի աններելի է որոշ տնօրենների անպատասխանատու վարքագիծը: Անհրաժեշտ ֆինանսական միջոցները ևս տրամադրված են, ու անհասկանալի է, թե ի՞նչն է նման վարքագծի պատճառը: Փորձում են տնտեսում անե՞լ: Ի վերջո խոսքն այս դեպքում մեր երեխաների առողջությանն է վերաբերում, ու նրանց առողջության հաշվին տնտեսում անելու փորձ կատարող տնօրենները միանշանակ պետք է ենթարկվեն պատասխանատվության»,-երեկ՝ Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ հանրակրթության վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարելով արձանագրված բոլոր դեպքերը մանրակրկիտ ուսումնասիրել ու պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր թերացել են: Բացի այդ, հանձնարարվել է նաև մշտական հսկողության տակ պահել հարցն ու անմիջապես արձագանքել այդ մասով ստացվող ահազանգերին:
Հիշեցնենք՝ վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներում հրապարակումներ եղան այն մասին, որ որոշ մանկապարտեզներում ջեռուցման համակարգերը դեռեւս միացված չեն: